Ֆրեզնոյում հրկիզել են հայկական գերեզմանատունը, որտեղ հուղարկավորված են Սողոմոն Թեհլիրյանը, Վիլյամ Սարոյանը
Անհայտ անձինք հրկիզել են ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Ֆրեզնո քաղաքի «Արարատ» հայկական գերեզմանատունը։ Այս մասին գրում է Fox26news-ը։
Նշվում է, որ հունվարի կեսից հայկական գերեզմանատանն ընդհանուր առմամբ տեղի է ունեցել հրկիզման վեց դեպք: Վերջինը գրանցվել է ապրիլի 12-ի գիշեր, երբ գլխավոր մուտքի մոտ հրկիզվել է ութ ծառ:
Դեպքի վայր են ժամանել Ֆրեզնոյի ոստիկանությունն ու հրշեջ ծառայությունը, սակայն որևէ ձերբակալություն տեղի չի ունեցել:
«Ահավոր վրդովեցուցիչ է հայ համայնքի, իմ անձնակազմի և անձնապես ինձ համար: Միակ հայկական գերեզմանատունն է Հայաստանից և Մերձավոր Արևելքից դուրս, մեր առաքելությունն է կարեկցանքով ծառայել հայ ընտանիքներին՝ միևնույն ժամանակ վառ պահելով բոլոր նրանց հիշատակը, ովքեր թաղված են այստեղ», - ասել է «Արարատ» և «Մասիս Արարատ» հայկական գերեզմանատների գործադիր տնօրեն/ադմինիստրատոր Շերի Մենինգ-Քարթրայթը:
Հրդեհները տեղի են ունեցել գերեզմանատան ամենահին հատվածում, որը հիմնադրվել է 1885 թվականին: Դարպասներն ու կամարը հստակ վկայում են, որ գույքը հայկական է:
«Հաշվի առնելով, որ մոտենում է Ապրիլի 24-ը՝ Հայոց ցեղասպանության հիշատակի օրը, չի բացառվում, որ սա կարող է լինել ատելության հողի վրա հանցագործություն»,- գրել է կայքը:
Ֆրեզնոյի «Արարատ Մասիս» հայկական գերեզմանատուն հիմնադրվել է 1885 թվականին և շարունակում է գործել Ֆրեզնոյի հայ համայնքի կողմից։ Այն գործում է արդեն մեկ դար։ Գերեզմանատունը առանձնանում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձանով։ Հուշարձանը ներառում է զոհվածների ոսկորներ անհայտ զոհերի հիշատակին, որոնք բերվել են Դեր Զորից, Սիրիայից։
Գերեզմանատանը թաղված են բազմաթիվ հայ ականավոր գործիչներ, այդ թվում՝ Սողոմոն Թեհլիրյանը, Վիլյամ Սարոյանը, Վիկտոր Մաղաքյանը, Լուսի Սարոյանը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան