Հայտնի են ԳԱԱ 2023թ․ մրցանակի հաղթողները
Գիտությունների ազգային ակադեմիայի մրցանակի շնորհման և մրցանակաբաշխության աշխատանքները համակարգող խորհուրդը հայտարարել է ԳԱԱ 2023թ․ մրցանակի հաղթողներին։
Ակադեմիայի գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, որ ֆիզիկամաթեմատիկական և տեխնիկական գիտությունների հիմնարար հետազոտությունների բնագավառում շնորհվել է երկու մրցանակ՝ Նարեկ Սահակյանին, Սարգիս Գասպարյանին, Դավիթ Իսրայելյանին, Գևորգ Հարությունյանին՝ «Բարձր էներգիաների պրոցեսները բլազարների ռելյատիվիստական շիթերում» աշխատանքի համար և Արամ Սահարյանին, Վարդազար Քոթանջյանին՝ «Սահմաններով, տոպոլոգիայով և տարածության կորությամբ մակածված երևույթներ դաշտի տեսությունում» աշխատանքի համար։
Ֆիզիկամաթեմատիկական և տեխնիկական գիտությունների կիրառական մշակումների բնագավառում մրցանակը շնորհվել է Վազգեն Մելիքյանին՝ «Նանոչափային տեխնոլոգիաներով կառուցվող ինտեգրալ սխեմաների նախագծման միջոցներ» աշխատանքի համար։
Քիմիայի, կյանքի և Երկրի մասին գիտությունների հիմնարար հետազոտությունների բնագավառում մրցանակը շնորհվել է Քրիստինե Մարգարյանին՝ «Հայաստանի խաղողի գենետիկական ռեսուրսներ․ գենետիկայից մինչև գենոմիկա» աշխատանքի համար։
Քիմիայի, կյանքի և Երկրի մասին գիտությունների կիրառական մշակումների բնագավառում մրցանակը շնորհվել է Գայանե Ավետիսովային, Լուսինե Մելքոնյանին՝ ««Էկոբիոֆիդ+» էկոլոգիապես անվնաս կենսաբանական պարարտանյութի ստացման տեխնոլոգիայի մշակումը և դրա ներդրումը արտադրության մեջ» աշխատանքի համար։
Հասարակական և հումանիտար գիտությունների բնագավառում մրցանակը շնորհվել է Հրանուշ Խառատյանին՝ «Էթնոկերտման/ազգակերտման գործընթացները Թուրքիայի և Ադրբեջանի հանրապետություններում XX դարում- XXI դարասկզբին» աշխատանքի համար։
Մրցանակները շնորհվում են մեդալի, վկայագրի և դրամական պարգևի ձևով: Յուրաքանչյուր մրցանակի դրամական պարգևի չափը կազմում է 5 000 000 (հինգ միլիոն) ՀՀ դրամ։
Հիմնարար հետազոտությունների ոլորտում ՀՀ ԳԱԱ մրցանակը շնորհվում է վերջին 5 տարիների ընթացքում ձեռք բերված կարևորագույն հիմնարար գիտական արդյունքների, արժեքավոր գործի, հայտնագործության կամ աշխատանքների շարքի համար։
Կիրառական մշակումների դեպքում ՀՀ ԳԱԱ մրցանակը շնորհվում է վերջին 10 տարիների ընթացքում ստացված գիտատեխնոլոգիական կամ գիտաարտադրական արդյունքների, ապրանքայնացման պատրաստ կամ ներդրված կիրառական մշակումների համար։
ՀՀ ԳԱԱ մրցանակը ֆինանսավորում է «ՄԱՐՏԻՆ ՍԹԱՐ» ՍՊԸ-ն։