ՌԴ-ից նույնիսկ տախտակի գործ անողները սկսեցին կարտոֆիլ ներկրել Հայաստան. Աշոտ Հարությունյան
«Գյուղատնտեսությունն անուշադրության մատնված չէ՝ հակառակը՝ այն հետևողականորեն քանդում են, վնաս են տալիս տնտեսության այն կարևոր ճյուղը, որը և պարենային անվտանգության խնդիր է լուծում և սոցիալական հարցեր է լուծում»,-հրավիրված ասուլիսում ասաց՝ գյուղատնտես, նախկին փոխնախարար Աշոտ Հարությունյանը։
Նա հայտարարեց, թե արդեն 6-րդ գարունն է, որ գյուղատնտեսությունը գնում է հետևողական կործանման։
Ըստ Հարությունյանի՝ սխալ էր գյուղատնտեսության նախարարության լուծարումը և այդ մասին մասնագետներն արդեն տարիներ շարունակ փաստարկներ են ներկայացնում իշխանություններին։
«Եթե նրանք խելոք լինեին, ապա մեկ-երկու-երեք տարի հետո առաջին քայլը կանեին, կասեին՝ եկեք վերականգնենք։ Թող ստեղծեին նոր ավելի խելոք կառույց, անունն ինչպես ցանկանում էին դնեին, բայց «գյուղատնտեսություն» բառը մեջը լինրեր»,-հայտարարեց Հարությունյանը։
Նրա խոսքով՝ ոլորտը կառավարող միասնական մարմին պետք է լինի, թեկուզ՝ Ջրային կոմիտեի հետ միավորված։
«Երկրի՝ Հայաստանի Հանրապետության անվտանգության խնդիրն ունենք, ցավոք Արցախն այս պահին հայաթափված է և մարդիկ այս իրավիճակում կասեն՝ էլ ինչ գյուղատնտեսության նախարարություն»,- նկատեց նախկին փոխնախարարը։
Անդրադառնալով խնդրին, որ ընթացիկ տարում գյուղացիները չեն կարողանում իրացնել նախորդ տարվա կարտոֆիլի բերքը՝ Աշոտ Հարությունյանը նկատեց, որ դրա պատճառը արտահանման խոչընդոտներն են, թղթաբանությունը և Վերին Լարսի անցակետի խնդիրները, որոնք թանկացնում էին հայկական կարտոֆիլի ինքնարժեքը։ Դրա փոխարեն նախորդ տարի Ռուսաստանում է կարտոֆիլի լավ բերք է եղել և, ինքնարժեքի ցածր լինելու պատճառով, այն ներկրվել է Հայաստան։
«ՌԴ-ից նույնիսկ տախտակի գործ անողները սկսեցին կարտոֆիլ ներկրել Հայաստան։ 2023 թվականին էլ հունվարի 1-ից ապրիլի 1-ը 288 տոննա կարտոֆիլ է ներմուծվել Պակիստանից, 100 տոննա Իրանից, 94 տոննա Վրաստանից, 3400 տոննա Ռուսաստանից»,-հայտնեց գյուղատնտեսը, փաստելով, որ երբ ներկրում է սկսվել, խախտվել է կարտոֆիլի մշակման բալանսը։
Հարակից հրապարակումներ`
- Գյուղատնտեսությունն արդեն կործանված է, չկա, սա արդեն վերջին շտրիխներն են. Աշոտ Հարությունյան
- Գյուղացուն ոչնչով չեն օգնում, դրա համար էլ անասնագլխաքանակը պակասում է. Աշոտ Հարությունյան