Երվանդ Վարոսյան. Հայաստանը թևակոխում է հանցավոր, բանդիտական ռեժիմի շրջան
«Որևէ միլիցու շնորհավորելու բան չունեմ իրենց տոնի կապակցությամբ։ Հայաստանը թևակոխում է հանցավոր, բանդիտական ռեժիմի շրջան»,-այսպես է արձագանքել փաստաբան Երվանդ Վարոսյանը ՁՊՎ տեղափոխելու ճանապարհին Սամվել Վարդանյանին դիմակավորված անձանց կողմից ծեծի ենթարկելու փաստին։
Հիշեցնենք, որ Սամվել Վարդանյանին այցելած ընդդիմադիր պատգամավորները, ապա նրա պաշտպանությունը ստանձնած փաստաբաններ Ռուբեն Մելիքյանը, Վարազդատ Հարությունյանն ահազանգել են՝ երեկ ձերբակալված Սամվել Վարդանյանին ոստիկանների կողմից ձերբակալվածների պահման վայր տեղափոխվելիս մի խումբ դիմակավոր անձինք դաժան ծեծի են ենթարկել վերջինիս։
«Միայն բանդիտական պետություններում է հնարավոր ոստիկանության հսկողության ներքո գտնվող ձերբակալված անձին ոստիկանների ուղեկցման ընթացքում ծեծի ենթարկել։ Ուրիշ որևէ բնորոշում ունեցող պետություններում նման բան լինել ուղղակի չի կարող։ Իսկ եթե այս ամենը համեմենք երեկ սկսված քաղաքական ճնշումներով՝ իրավապահ մարմինների հասցեին ՔՊ-ական բարձրաստիճան պաշտոնյանների կողմից հրապարակային արված հայտարարությունների տեսքով, ապա ամեն ինչ ընկնում է տեղը»,-Panorama.am-ի հետ զրույցում ասաց Երվանդ Վարոսյանը։
Նրա խոսքով, Հայաստանում երբեք էլ օրենքի գերակայություն չի եղել, իսկ հիմա մտնում ենք վայրագ բռնաճնշումների շրջան, երբ արգելակներ այլևս չկան։
Անդրադառնալով Վարդանյանին դաժան ծեծի ենթարկելու վերաբերյալ հայտարարություններին հետևած իրավապահների լռությանը՝ փաստաբանն ընդգծեց, որ հիմա արդեն դիմակավորված անձինք պետք է ձերբակալված լինեին։
«Լռությունը երեկվանից է տիրում։ Ինչ է՝ ոստիկանները զեկուցագիր չե՞ն գրել, վերադասին տեղի ունեցածի մասին չե՞ն զեկուցել։ Այս ամենը հրատապ պետք է հանրայնացվեր, ասեմ ավելին, պետք է ձերբակալվածներ լինեին, այդ դիմակավորված անձինք պետք է ձերբակալվեին, ոչ թե Սամվել Վարդանյանը։ Բայց մենք բոլորս հասկանում ենք, որ նրանք չեն ձերբակալվելու»,-նշեց Վարոսյանը։
Մանրամասները՝ ձայնագրությամբ։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան