Տեղի ունեցածը բեսպրեդել է. Թագուհի Թովմասյանը մանրամասներ է պատմում Սամվել Վարդանյանի խոշտանգումից
«Քիչ առաջ ԱԺ մի խումբ պատգամավորների հետ տեսակցեցի ոստիկանական բանդայի թողտվությամբ (կամ հենց նրանց կողմից) ծեծի ենթարկված քաղաքացի Սամվել Վարդանյանին»,-տեղեկացնում է ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի՝ ապօրինաբար լիազորությունները դադարեցված նախագահ, անկուսակցական պատգամավոր Թագուհի Թովմասյանը։
Պատգամավորի փոխանցմամբ, Ս. Վարդանյանը գտնվում է ՀՀ ոստիկանության Ձերբակալվածների պահման վայրում: 72 ժամվա ընթացքում պետք է նրան կա՛մ ազատ արձակեն, կա՛մ կալանավորեն, ինչի հիմքերը չկան:
«Բայց այն, ինչ տեղի է ունեցել քաղաքացու հետ ՀՀ քննչական կոմիտեից դեպի ՁՊՎ տանելու ճանապարհին, դուրս է մարդկային երևակայությունից:
Սամվելը ոստիկանական մեքենայում եղել է ձեռնաշղթաներով, նրան ուղեկցողները շարժվելուց 300 մետր հեռավորության վրա բնական կարիքները բավարարելու պատճառաբանությամբ կանգնեցրել են ավտոմեքենան, իջել են, ձերբակալվածին թողել միայնակ մեքենայի մեջ:
Վայրկյաններ անց բացվել է դուռը, երկու քաղաքացիական հագուստով դիմակավորվածներ նրան քարշ տալով իջեցրել են մեքենայից, բացառապես մի մութ տարածքում, որտեղ ոչինչ տեսանելի չի եղել մայրաքաղաք Երևանում, տապալել են գետնին, հայհոյել, սպառնացել, ծեծի ենթարկել, խոշտանգել, նվաստացրել նրա արժանապատվությունը ամենազզվելի ձևով, ապա բառացիորեն հետ են նետել ավտոմեքենայի մեջ:
2 րոպե անց ուղեկցող ոստիկանները եկել են՝ ասես ոչինչ չի եղել ու նստել ավտոմեքենան՝ շարունակելով ճանապարհը: Իհարկե, հետաքրքրվել են, թե ինչու է հևում Սամվելը, սակայն անխռով տարել են նրան ժամանակավոր պահման վայր:
Տեղի ունեցածը բեսպրեդել է, նույնիսկ եթե ՔՊ պատգամավորը ամենադաժան ձևով վիրավորված լինի: Դրա համար կա քաղաքացիական օրենսգրքում նախատեսված պատժամիջոց:
Արդեն քաղաքացուն ձերբակալել են, խուլիգանության հոդվածը առաջադրել, ազատազրկել, բայց նաև ծեծի են ենթարկել շղթայված երիտասարդին, նսեմացրել նրա արժանապատվությունը:
Սա անթույլատրելի է, դատապարտելի և պետք է խստագույնս պատժվի:
Հայաստանում հավատարմագրված դեսպանատներին, մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող համաշխարհային կառույցներին արդեն ուղարկել եմ գրություններ այս առիթով: Քաղաքացուն ուղեկցող ոստիկանները և զինված բանդան պե՛տք է պատժվեն»,-գրել է պատգամավորը։