Կիրիլ Ռիխտեր. Հայկական երաժշտական ժառանգությունն ոգեշնչման հսկայական աղբյուր է
Դաշնակահար և կոմպոզիտոր Կիրիլ Ռիխտերն իր Richter Տրիո անսամբլի հետ ապրիլի 21-ին հանդես կգա միակ համերգով Երևանում: Այն կկայանա Արամ Խաչատրյան համերգասրահում։
Ռիխտերը չունի ակադեմիական կրթություն։ Այդ պատճառով նա իրեն անվանում է «ինքնուսույց»: Ավարտել է (МИФИ) միջուկային ֆիզիկայի ինստիտուտի մասնաճյուղի գրաֆիկական ֆակուլտետը, որպես ֆրիլանսեր զբաղվել է ամսագրերի դասավորությամբ և լոգոների մշակմամբ։ Սովորել է բրիտանական դիզայնի բարձրագույն դպրոցում ՝ fashion բաժնում։ Սակայն դիպլոմային քննությունից հետո հասկացել, որ ուզում է զբաղվել երաժշտությամբ։
Այսօր, դաշնակահար և կոմպոզիտոր Կիրիլ Ռիխտերի երաժշտությունը կատարում են ինչպես սիմֆոնիկ նվագախմբերը, այնպես էլ մենակատար երաժիշտները: Նա հավաքում է լեփ-լեցուն դահլիճներ աշխարհի լավագույն համերգասրահներում, գրում է սաունդթրեքեր ֆիլմերի, բալետների համար, երաժշտություն ֆուտբոլի Աշխարհի առաջնության և Օլիմպիական խաղերի համար: Richter Trio-ն ելույթ է ունեցել Եվրոպայի հայտնի համերգային հարթակներում։
Երևանյան համերգի կազմակերպիչներին տված հարցազրույցում նա ասել է. «Բարեբախտաբար, ես ոչինչ չեմ հարմարեցնում։ Ըստ էության, իմ գրած երաժշտությունը ունիվերսալ է։ Կարծում եմ՝ գաղտնիքը պարզ է. ես գրում եմ մարդկանց մասին, մեր բոլորի մասին, այն մասին, թե ինչն է մեզ միավորում և ինչն է առանձնացնում: Հավանաբար սա է պատճառը, որ իմ պատմած պատմությունները հայտնվում են աշխարհի տարբեր բեմերում»։
Ինչ վերաբերում է հարցին, թե ինչ գիտի Հայաստանի, նրա մշակութային, երաժշտական ժառանգության, կոմպոզիտորական դպրոցի մասին, Կիրիլ Ռիխտերը պատասխանել է. «Հիմնականում ինձ հետաքրքրում է Հայաստանի ժողովրդական երաժշտությունը (գուսանների երաժշտությունը, հայկական տաղերը). ահա թե ինչ է կազմում ժողովրդի մշակութային ծածկագիրը։
Սա ոգեշնչման հսկայական աղբյուր է, որը մենք՝ որպես ժամանակակից կոմպոզիտորներ, կարող ենք օգտագործել, և ես կոչ եմ անում ժամանակակից հայ կոմպոզիտորներին օգտագործել իրենց ժառանգությունը ժամանակակից մոտեցմամբ։
Իհարկե, մենք ճանաչում ենք հայտնի հայ կամպոզիտորերին, օրիանկ Արամ Խաչատրյան։ Նա իսկապես 20-րդ դարի ամենամեծ կոմպոզիտորն է, որի անվան դահլիճում մենք պատիվ կունենանք նվագելու»։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան