Սա կազմակերպվել է հենց ՔՊ-ի կողմից՝ ոստիկանության մասնակցությամբ․ փաստաբան
«Այս պահին մենք տալիս ենք մամուլի ասուլիս՝ մանրամասն դետալներով, սա ավելի քան հիմք է, որպեսզի քրեական վարույթ նախաձեռնվի։ Մենք դեռ այսօր կսպասենք, վաղը կարող ենք հանցագործության մասին հաղորդումը ներկայացնել»,- այս մասին հրատապ հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց փաստաբան Ռուբեն Մելիքյանն՝ անդրադառնալով Սամվել Վարդանյանի խոշտանգման դեպքին։
Խոսելով խոշտանգման հետևում կանգնած հնարավոր կազմակերպիչներից, Մելիքյանն ընդգծեց․
«Մենք չենք ուզում, ասել, որ այս բռնարարքը կազմակերպել է ՀՀ ոստիկանությունը։ ՀՀ ոստիկանության աշխատակիցներն, այո՛, հանցակցել են՝ առնվազն մենակ և անօգնական թողնելով ու գնալով։ Նրանք եղել են ակնհայտ կազմակերպված ծանրագույն հանցագործության մասնակիցներ, բայց ՝ ոչ կապմակերպիչներ։ Մենք հիմք էլ չունենք մտածելու, որ կազմակերպիչներ են եղել»։
Սակայն կազմակերպիչներին, ըստ փաստաբանների, պետք է փնտրել ՔՊ -ի շրջանակում։
«Երեկվա լրահոսը ՝ Ալեն Սիմոնյանի հայտարարությունը, ինչ-որ Մկրտչյան ազգանունով քպ-ականի ուղիղ բռնության կոչը հիմք են մեզ համար, որ սա կազմակերպվել է հենց ՔՊ-ի կողմից՝ ոստիկանության առնվազն որոշակի մասնակցությամբ։ Մենք չենք կարող պնդել, որ այդ երեք հոգին իսկապես եղել են ոստիկանության իրավապահ մարմինների աշխատակիցներ, չգիտենք ովքեր են եղել։ Նրանց վրա տարբերանշաններ չեն եղել։ Սա ուղիղ կազմակերպված է իշխող քաղաքական ուժի կողմից՝ որպես պատժի և վախեցման գործողություն մի անձի նկատմամբ, որը կոշտ ձևով քննադատել է ՔՊ-ական պատգամավորի»։
Մելիքյանը հիշեցնում է՝ առաջին դեպքը չէ, որ ՔՊ-ական պագտամավորների նկատմամբ հնչեցրած կոշտ խոսքը բերում են անհամաչափ արձագանքների։
«Օրիանակ՝ Նարեկ Մալյանի գործը։ Այս ամենը հիմք է տալիս մեզ ենթադրելու, որ սա քաղաքական գործողություն են։ Սա քաղաքական կուսակցության կողմից առերևույթ կազմակերպված գործողություն է, որին մասնակցել են նաև ոստիկանները»,- ասաց նա։
Իր հերթին փաստաբան Վարազդատ Հարությունյանն էլ ավելացրեց․ «Ողջամտորեն ունենք կասկած, որ սա քաղաքական իշխանությունների կազմակերպածն է։ Ակնհայտ է, որ իրագործողները հանցագործության գործիք են։ Իրենց ով լինելը, բարձրահասակ կամ ցածրահասակ լինելը այդքան էական չեն, որքան այն,թե ովքեր են պատվիրատուները»։
Փաստաբանները նաև հայտնեցին, որ այս պահի դրությամբ Սամվել Վարդանյանի նմատմամբ մեղադրանք առաջադրված չէ։
Հարակից հրապարակումներ`
- Իշխանությունների կողմից լայն թափ են ստացել ազատ խոսքի և հավաքների ազատության նկատմամբ ոտնձգությունները․ ԱԺ խմբակցություններ
- Նման բան հնարավոր է լսել Բաքվի բանտում գերություն վերապրած անձից՝ վերադառնալու հետո․ փաստաբանը՝ Սամվել Վարդանյանի խոշտանգման մասին
- Տեղի է ունեցել սահմռկեցուցիչ հանցագործություն․ փաստաբան