«Ժողովուրդ». Երեք փաստաբանների նկատմամբ բռնության դեպքերին անդրադարձել է «Freedom House»-ը
«Ժողովուրդ» թերթը գրում է.
««Freedom House» իրավապաշտպան միջազգային կազմակերպությունը հրապարակել է տարեկան հերթական զեկույցը, որով ՀՀ դատական համակարգը 1-ից 7 բալային համակարգի սանդղակով գնահատել է 2.75 միավորով։ Եթե հաշվի առնենք զեկույցը, և հիմք ընդունենք դատաիրավակա ոլորտի լուսաբանումները, որոնք փաստում են անկախ և կարծիք հայտնած դատավորների դեմ գործողությունները, ապա կարող ենք ասել, որ այս թիվը արդարացված է։ Ականատես ենք եղել դատավորների պաշտոնանկության դեպքերից մինչև նրանց ճնշումներին՝ ազատ կարծիք ունենալու «պատճառով»։
«Freedom House»-ի զեկույցում մասնավորապես ասվում է. «Արդարադատության նախկին նախարար, «Քաղաքացիական պայմանագրի» անդամ Կարեն Անդրեասյանի՝ 2022 թվականին Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) ղեկավար ընտրվելուց հետո նրա՝ իբրև նախագահի պաշտոնավարումը նշանավորվել է մի քանի դատավորների նշանակման և ազատման վերաբերյալ վիճահարույց որոշումներով։ Հատկապես մտահոգություններ կան ՍԴԽ-ի անկախությունը կասկածի տակ դրած դատավորների, ինչպես նաև նախկին վարչակարգի հետ առնչվող դատավորների նկատմամբ կարգապահական կամ այլ կերպ կիրառվող միջոցների վերաբերյալ: Մինչդեռ անկողմնակալության և անկախության կասկածելի փորձ ունեցող «հավատարիմ» դատավորները շահագրգռված են կատարել իշխանության անհագ ցանկությունները:
Հայաստանի Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից իր անձեռնմխելիության ստուգման բացասական արդյունք ստացած և քաղբանտարկյալներին դատապարտելու պատմություն ունեցող Մնացական Մարտիրոսյանի նշանակումը Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի նախագահի պաշտոնում հանգեցրեց Հայաստանի իրավապաշտպան հանրության արձագանքին։ Դատավոր Դավիթ Հարությունյանն ազատվել է աշխատանքից այն բանից հետո, երբ քննադատել է արդարադատության նախարարությանը և ԲԴԽ-ին, ինչը վերջիններս մեկնաբանում են որպես դատավորների վարքագծի կանոնների խախտում և քաղաքական ներգրավվածության արգելք՝ ամրագրված դատական օրենսգրքի 69-րդ և 159-րդ հոդվածներով։
2023 թվականի ընթացքում հասարակական դիտորդները ահազանգել են ոստիկանության և այլ իրավապահ մարմինների կողմից քաղաքացիների նկատմամբ բռնության դեպքերի աճի մասին, մասնավորապես՝ ոստիկանության բաժանմունքներում երեք փաստաբանների նկատմամբ բռնության դեպքերի վերաբերյալ, երբ նրանք ներկայացնում էին իրենց հաճախորդներին ոստիկանության բաժիններում, և սա այն բանից հետո, երբ նախորդ տասնամյակում նման դեպքեր չեն եղել:
Դիտորդները նաև հայտնել են ոստիկանության աշխատակիցների կողմից կալանավորների նկատմամբ ֆիզիկական և մտավոր բռնության դեպքեր»: Առանձնացնելով այս հատվածները բազմատող զեկույցից՝ նկատում ենք, որ այն ամենը, ինչի վրա իշխանությունը աչք է փակում միջազգային հանրության կողմից ստանում է պատշաճ պատասխան՝ դատապարտելով դատավորների հանդեպ ճնշումներն ու քաղաքացիների հանդեպ իրականացրած բռնությունը»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում: