«Ժողովուրդ». ՔՊ-ական պատգամավորը ոչ թե իր մտքով ու ցանկությամբ է գործել, այլ իր թիմակիցների ուղղորդմամբ
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«ՔՊ խմբակցության պատգամավոր Հակոբ Ասլանյանն իր թիմակիցների հորդորով է իրավապահներին դիմել՝ իր հետ վեճի բռնված քաղաքացուն՝ Սամվել Վարդանյանին պատժելու համար:Այսպիսով, երեկ ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանի և քաղաքացի Սամվել Վարդանյանի մասնակցությամբ երթուղայինում տեղի ունեցած վիճաբանությունը մեծ աղմուկ է բարձացրել:
Միջադեպից անմիջապես հետո ArmLur.am-ը կապ էր հաստատել պատգամավորի հետ՝ մանրամասներ պարզելու, նաև հետաքրքրվել էինք նրանից՝ արդյոք պատրաստվում է ոստիկանություն դիմելու և քաղաքացուն պատասխանատվության ենթարկելու. «Ո՛չ, նա ո՞վ է, նա ո՞վ է, որ դիմեմ ոստիկանություն» բարկացած նետել էր իշխանական պատգամավորը:
Բայց, ժամեր անց իրավիճակ է փոխվել: Գրեթե բոլոր ՔՊ-ականները, Ալեն Սիմոնյանի և Արթուր Հովհաննիսյանի գլխավորությամբ, «խիստ դատապարտեցին» միջադեպը և ձեռքի հետ էլ հստակ ուղղորդումներ տվեցին իրավապահներին, որ քաղաքացի Սամվել Վարդանյանին պատասխանատվության ենթարկեն:
Միջադեպին առաջինն արձագանքեց Ալեն Սիմոնյանը.«Այսօր մի ոչնչություն իրեն թույլ է տվել խուլիգանական արարք հանրային տրանսպորտով երթևեկող ՀՀ ԱԺ պատգամավոր 69-ամյա Հակոբ Ասլանյանի նկատմամբ, ով, ի դեպ, երեք պատերազմի մասնակից է: Այս խուլիգանական արարքը շատ արագ արժանանալու է օրենքի ամենախիստ արձագանքին, թող հանկարծ որևէ մեկը չկասկածի»,-տելեգրամի իր ալիքում գրել էր նա:
Այնուհետև նրան միացավ ՔՊ խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը. «Խստորեն դատապարտում եմ ԱԺ պատգամավոր Հակոբ Ասլանյանի նկատմամբ կատարված ակնհայտ խուլիգանությունը: Վստահ եմ` իրավապահ մարմինները րոպե առաջ կգտնեն մեղավորին»:
Ահա իր թիմակիցների բարձրացրած աղմուկից ու ցուցումներից հետո ՔՊ-ական Հակոբ Ասլանյանը, որը սկզբում հարկ չէր համարում դիմել ոստիկանություն, գնացել ու դիմում է ներկայացրել՝ ընդդեմ Սամվել Վարդանյանի, ինչից հետո վերջինս առայժմ 72 ժամով ձերբակալվեց: Այսինքն՝ ՔՊ-ական պատգամավորը ոչ թե իր մտքով ու ցանկությամբ է գործել այս դեպքում, այլ իր թիմակիցների ուղղորդմամբ. տեսնենք՝ քննությունն ինչ ընթացք կունենա: Համենայնդեպս, քննչական կոմիտեին քաղաքական պատվերը իջել է հրապարակային կերպով»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։