«90 %-ով գարանտիա եմ տալիս, որ ձեր ուզածն է լինելու». Փաշինյանը խոստացել է ոսկեպարցիներին
Նիկոլ Փաշինյանն այսօր ոսկեպարցիների հետ հանդիպմանը խոստացել է, որ սահմանազատման խնդիրները նրանց ուզած ձևով են լուծվելու։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասել է ոսկեպարցի, պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանը, որը նույնպես ներկա է եղել հանդիպմանը։
«Փաշինյանի ասելով` տարածքներ չեն հանձնվելու, հակառակորդը պիտի գետից այս կողմ գար, նստեր, հիմա էլ չի գա։ Նախկինում հակառակորդը պիտի գար, Ներքին Ոսկեպարի գլխի մասում նստեր, հիմա արդեն այդ մտքից պիտի հրաժարվեն։ Այս հարցը Ադրբեջանի հետ բանակցային փուլում է, պիտի որ լուծվի»,– ասել է Մախսուդյանը։
Ըստ նրա` մնացած հատվածների մասին քննարկում չի եղել, միայն խոսվել է Ներքին Ոսկեպարի հատվածի մասին։
Մախսուդյանը Վերին Ոսկեպարի մասին հարց է ուղղել, որին ի պատասխան Փաշինյանն ասել է, որ փորձելու են անկլավների հետ փոխանակել։
«Նա ասաց` ես 90 տոկոսով երաշխիք եմ տալիս, որ ձեր ուզածն է լինելու` փոխանակման այս տարբերակը»,– նշել է Մախսուդյանը։
Ինչ վերաբերում է պատերազմի սպառնալիքին, ապա, ըստ ոսկեպարցու, Փաշինյանն այդ մասին չի խոսել։
«Նա այլընտրանքային ճանապարհ առաջարկեց, որին ոսկեպարցիները դեմ էին, Փաշինյանն էլ ասաց` ոնց ուզում եք, այնպես էլ կանենք»,– ասել է Մախսուդյանը` հավելելով, որ Փաշինյանի հետ հանդիպումը մոտ մեկ ժամ է տվել։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան