«Ժողովուրդ». Արսեն Թորոսյանը փորձում է գահընկեց անել Անահիտ Ավանեսյանին
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«ՀՀ առողջապահության նախարարության շուրջ իրավապահ մարմինների (ի դեմս ՀՀ քննչական կոմիտեի և ԱԱԾ-ի) գործողություններից փորձել է օգտվել ՀՀ առողջապահության նախկին նախարար, ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը։ Նա երկար ժամանակ է ինչ լարված է նախարար Անահիտ Ավանեսյանի հետ և փորձում է գահընկեց անել:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ թեև երեկ նա երկրում չէր (ԱԺ նախագահի հետ Լիտվա է մեկնել), այնուամենայնիվ, քաղաքական իշխանությունների շրջանում արդեն սկսել է իր ընկերոջ PR-ով զբաղվել և բարեխոսել, որպեսզի Անահիտ Ավանեսյանի հնարավոր ազատումից հետո ՀՀ ԱՆ Վ.Ա. ՖԱՆԱՐՋՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՈՒՌՈՒՑՔԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ կենտրոնի ղեկավար Նարեկ Մանուկյանը նշանակվի նախարար։ Վերջինս մեծ աղմուկով այդ կենտրոնի տնօրեն է նշանակվել 2019 թվականին, երբ առողջապահության նախարարը Արսեն Թորոսյանն էր։
Իսկ այսօր արդեն Նարեկ Մանուկյանը Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ է։
Նշենք, որ երեկ՝ վաղ առավոտից, ՀՀ առողջապահության նախարարությունում ՀՀ քննչական կոմիտեի՝ պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում իրականացվող քրեական վարույթով ՀՀ Քննչական կոմիտեի քննիչների կողմից, ՀՀ ԱԱԾ աշխատակիցների օժանդակությամբ իրականացվեցին անհետաձգելի քննչական և այլ դատավարական գործողություններ, այդ թվում՝ ՀՀ առողջապահության նախարարությունում և «Ուիգմոր» բժշկական կենտրոնում կատարվեցին խուզարկություններ:
Իրավապահները կասկածում են, որ մանկական մեծ հիվանդանոցի բացմանը մասնակցած Անահիտ Ավանեսյանը նաև մասնաբաժին ունի այդ կառույցում և սկսել է պետպատվերի բաշխումները հօգուտ հիվանդանոցի անել: Բացի դրանից, քանի որ «Արմֆարմացիա» դեղագործական խոշոր ընկերություններից մեկում խոշոր բաժնեմաս ունի Անահիտ Ավանեսյանի մայրը, տնօրենն էլ ամուսինն է եղել, կասկածներ կան, որ դեղերի շուկայում մի շարք ապօրինություններ գուցե նաև այդ խողովակով է արվում: Այսինքն՝ շահերի բախման կասկածներ կան: Եվ ահա, իրավապահները գնացել էին ստուգելու այս ամենը. իսկ Անահիտ Ավանեսյանը անմեղ աշխատում էր՝ ՀՀ կառավարության նիստի շրջանակներում»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։