2018 թվականի համեմատ Հայաստանի կրթության ոլորտում գնաճը եղել է նվազագույնը 20-30 %. Սուրեն Պարսյան
Մասնագետներն ահազանգում են, որ վերջն տարիներին առաջին անհրաժեշտության ապրանքների և ընդհանրապես ապրելակերպի թանկացումներից բացի, էական թանկացումներ են արձանագրվել կրթության ոլորտում, որն ուղղակի նվազեցնում է նրա հասանելիությունը բնակչության զգալի հատվածի համար։ Այն նաև ազդում է կրթության որակի վրա։ Հիմնահարցի շուրջ Panorama.am-ը զրուցեց տնտեսագետ Սուրեն Պարսյանի հետ։
«Հայաստանի պարագայում գնաճի ցուցանիշները բավականին բարձր է եղել, հատկապես առաջին անհրաժեշտության ապրանքների մասով։ Խոսքը վերաբերում է սննդամթերքին, իսկ կրթության և այլ ուղղություններով կարծես թե գնաճին այնքան էլ մեծ ուշադրություն չեն դարձնում, բայց այն բավականին բարձր է։ Մասնավորապես՝ 2024 թվականի առաջին եռամսյակին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, կրթության գնաճը կազմում է 4.8 %, 2023 թվականի առաջին եռամսյակին 2022 թվականի համեմատ կազմում էր 4.7 %, 2022 թվականին եղել է 1.4 %, 2021-ին՝ 2%, 2020-ին՝ 3.7 % և 2019 թվականին 1.7 %։
Եթե գումարային գնաճը հաշվենք, ապա այն գալիս է մոտ 16 %, բայց քանի որ գնաճը գնաճի վրա է եղել, ապա թիվն ավելանում է։ Այսինքը՝ եթե հաշվենք 2018 թվականի համեմատ, ապա կրթության ոլորտում գնաճը եղել է նվազագույնը 20-30 %-ի միջակայքում։
Հատկանշական է, որ գնաճն արձանագրվել է կրթության բոլոր ուղղություններով՝ և՛ բարձրագույն, և՛ միջին մասնագիտական, և՛ հանրակրթական, և՛հատկապես ամենաբարձր գնաճն արաձանագրվել է նախակրթարանների պարագայում։ Խոսքը վերաբերում է մանկապարտեզներին։ Մինչդպրոցական կրթության ծառայության գներն էականորեն ավելացել են այս ժամանակահատվածում։
Կրթության գնաճն լուրջ ազդեցություն է թողնում մարդկանց կենսամակարդակի վրա և երեխաները, որոնք չեն ստանում բավարար և որակյալ կրթություն, մեծ հավանականությամբ իրենք ապագայում ունենալու են լուրջ սոցիալական խնդիրներ, քանի որ աշխատանք նորմալ չեն ունենալու, իրենց գիտելիքները չեն կարողանալու իրացնեն։ Այսինքը մենք պետք է արձանագրենք, որ կրթությունը, որի որակի հետ կապված բազմաթիվ հարցեր կան դրան գումարած այն թանկացել է այս տարիների ընթացքում՝ նաև որակի վրա պատշաճ ուշադրություն չդարձնելով։
Կարծում եմ, որ այս միտումը Հայաստանի համար լուրջ մարտահրավեր է, հաշվի առնելով այն, որ Հայաստանի հիմնական ռեսուրսը մարդկային կապիտալն է և մենք պետք է մեծ ուշադրույթուն դրաձնենք կրթական ծրագրի որակին և հասանելիությանը, որին, ցավոք, պատշաճ ուշադրություն չի դարձվում»,-ասաց Սուրն Պարսյանը։
Հարակից հրապարակումներ`
- Կրթության ստանդարտի փոխարեն, խոսում ենք դիպլոմի ստանդարտի մասին.Փաշինյան
- Ինչպե՞ս Ժաննա Անդրեասյանը դասարաններում կկրճատի աշակերտների թիվը
- Արմեն Եղիազարյան. Հերթական տհաս «ռեֆորմը» կրթության ոլորտում
- Ժաննա Անդրեասյանն իր գաղափարախոսությամբ կարող է հավակնել Ադրբեջանի կրթության նախարարի պաշտոնին. Էդգար Ղազարյան