Պարտադիր չէ, որ անձը լինի քաղաքական գործիչ, որպեսզի ենթարկվի քաղաքական հետապնդման. օրինակների պակաս չունենք. Հովհաննես Խուդոյան
Հանրային գործունեություն իրականացնող ցանկացած անձ պետք է պատրաստ լինի որոշակի նեգատիվ միջավայրի, որպես կանոն էմոցիոնալ խոսքն արտահայտվում է կոպիտ բառապաշարով, այո, դրան կան սահմաններ. բռնության կոչ, ատելության խոսք սահմանափակվում են, բայց կոշտ քննադատությունները պաշտպանության ենթակա են։ Հանրային գործունեությամբ զբաղվող մարդիկ պիտի գիտակցեն, որ ինչ-որ մարդիկ կարող են անհամաձայն լինել իրենց գործունեության հետ, անիմաստ և անթույլատրելի է այդ մարդկանց հետևից գնալ իրավական պաշտպանության գործիքներով, ոչ իրավական պաշտպանության գործիքներով,- «Հարցեր կան» հաղորդմանն ասել է իրավապաշտպան Հովհաննես Խուդոյանը։
«Գործող իշխանությունը շատ լավ գիտակցում է, որ նահանջ կա, մարդու իրավունքները, արժեքները ոտնահարվում են, Freedom House միջազգային կազմակերպությունն էլ արձանագրել է այդ նահանջը. կոռուպցիա, ընտրությունների փուլում թափանցիկության բացակայություն, դատախազության ոչ հետևողական լինելը, ՏԻՄ ընտրությունների արդյունքների անտեսում, քաղաքական հետապնդումներ։
Ցանկացած իրավական գործըթնաց, որի դեպքում կա որոշակի անարդարություն, օրենքը ոչ հավասար է կիրառվում, որը պայմանավորված կարող է լինել քաղաքական շարժառիթով, քաղաքական հետապնդման դրսևորում է»։
Իրավապաշտպանն ընդգծում է՝ կարևոր է հասկանալ՝ պարտադիր չէ, որ անձը ֆիզիկապես բանտարկված լինի, որ իր նկատմամաբ քաղաքական ճնշումներ գործադրվեն, ՀՀ-ում այս իշխանության օրոք շատ հաճախ կիրառվում է տնային կալանք հասկացությունը, որ դարձյալ ազատության սահմանափակում է, քիչ չեն նաև աշխատանքային իրավունքների, քաղաքացիական իրավունքների խախտման դեպքերը.
«Ցանկացած դեպքում, երբ անձի իրավունքը խախտվում է և բացահայտվում է քաղաքական տարր, մենք կարող ենք պնդել, որ անձը ենթարկվում է քաղաքական հետապնդման։ Պարտադիր չէ, որ անձը լինի քաղաքական գործիչ, որպեսզի ենթարկվի քաղաքական հետապնդման, կան դեպքեր, երբ քաղաքացիներն օրինակ փողոցում ակցիա են կատարում և ենթարկվում են քաղաքական հետապնդման, վառ օրինակ՝ մի կին, որ ՀՀ վարչապետի ուղղությամբ հովանոց էր նետել, այդ կինը քաղաքական գործիչ չէր, քաղաքական թիմի անդամ չէր, ուղղակի անձ էր, որ վրդովմունք էր արտահայտել, վերջինիս հանդեպ լայն գործիքակազմով կիրառվել է քաղաքական հետապնդում և մինչև այսօր շարունակվում է, այդ հետապնդումը ուղեկցվում է ոչ միայն իրավապահ մարմինների աշխատանքով, ուղեկցվում է նաև իշխանության կողմից ֆոնային մեծ աշխատանքով։ Սամվել Վարդանյանի դեպքում նույնպես ֆոնային աշխատանք կար, ՀՀ երկրորդ պաշտոնյան իրավապահներին ուղղորդեց, որ անպայման անձին պետք է պատասխանատվության ենթարկել»։