Զախարովա. Ռուսաստանը Հայաստանի իշխանություններից հստակ արձագանք է ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ ռազմաքաղաքական պայմանավորվածությունների մասին վկայություններից հետո
Ռուսաստանի Դաշնությունը Հայաստանի իշխանություններից հստակ արձագանք է ակնկալում մամուլում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ ռազմաքաղաքական պայմանավորվածությունների մասին հայտնված տեղեկություններից հետո։ Այսօր լրագրողների հետ ճապեազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Ավելի վաղ Երևանը հրապարակային կերպով վստահեցնում էր, որ արևմտյան երկրների հետ համագործակցության զարգացումն ուղղված չէ երրորդ երկրների դեմ։ Հաշվի առնելով այս գործոնների համադրությունը՝ ակնկալում ենք Հայաստանի իշխանությունների հստակ արձագանքը հրապարակված տեղեկատվության վերաբերյալ։ Իդեալական կլինի նրանց հերքումը: Ամեն դեպքում խոսքը պաշտոնական Երևանինն է»,-ասել է Զախարովան՝ անդրադառնալով Բրյուսելում ապրիլի 5-ին տեղի ունեցած Հայաստան-ԱՄՆ-ԵՄ ներկայացուցիչների հանդիպմանը։
«Միաժամանակ չենք զարմանա, եթե պարզվի, որ «Building Armenia ’ s Defense and Security Resilience» անունով նախագծում կան ծրագրեր, ոնոք ենթադրում են ռուսական բազաների ու ռուս սահմանապահների փոխարինում հայ-եմ-նատօական մասնագետներով, Հայաստանի սահմանին Իրանի ու Ադրբեջանի դեմ ուղղված աշխատանքի ընդլայնում, ինչպես նաև խիստ կարևոր ենթակառուցվածքների ու Հայաստանի էներգահամակարգի վերակողմնորոշում՝ Մեծամորի ԱԷԿ-ի ապամոնտաժմամբ, որն ապրիլի 5-ին Բրյուսելում կայացած բարձր մակարդակի հանդիպման ժամանակ Երևանին պարտադրել են Միացյալ Նահանգների և Եվրամիության ներկայացուցիչները»,-ասել է ռուսաստանցի դիվանագետը։
Նրա խոսքով, ակնհայտ է, որ և՛ Վաշինգտոնը, և՛ Բրյուսելը նպատակ են դրել ոչնչացնել Հայաստանի և Ռուսաստանի միջև կապերի ողջ շրջանակը՝ թե՛ անվտանգության, թե՛ տնտեսական ոլորտում, խաթարել ՀԱՊԿ-ի և ԵԱՏՄ-ի վրա հիմնված տարածաշրջանային անվտանգության և տնտեսական գործընկերության մեխանիզմները։
«Արևմուտքն ինչքան էլ գեղեցիկ խոսքեր ասի Հարավային Կովկասում խաղաղության հաստատման մասին, Հայաստանին վերապահված է միայն գործիքի դերը, որով ԱՄՆ-ն ու ԵՄ-ն ցանկանում են նոր մեծ կրակ վառել։ Սա այն է, ինչ Միացյալ Նահանգները և հավաքական Արևմուտքը սովորել են անել։ Չգիտեն խաղաղություն հաստատել, չգիտեն հարցեր լուծել, չգիտեն արյունահեղություն դադարեցնել։ Գիտեն միայն հրահրել և խարխլել»,-ասել է ՌԴ ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչը։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին