«Ժողովուրդ». Ո՛չ պետությունը, ո՛չ համակարգը, ո՛չ էլ ՊԵԿ-ը պատրաստ չէին
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Օրերս ՊԵԿ-ը հատարարեց, որ 2023 թվականի եկամտային հարկի տարեկան հաշվարկ-հայտարարագրի ներկայացման վերջնաժամկետը հետաձգվում է մինչև հուլիսի 22-ը։ Այս մասին ՊԵԿ-ը տեղեկացնում է հայտարարագրերի լրացման վերջնաժամկետից գրեթե մեկ ամիս առաջ, երբ պետական բոլոր պատասխանատու կառույցները ֆիզիկապես և տեխնիկապես «պայթեցված» են։
Բացատրենք. բանն այն է, որ ՊԵԿ-ը հայտարարությունում մասնավորապես նշել է. «Հայտարարատուներին տեղեկացվում է, որ, հիմք ընդունելով ՀՀ հարկային օրենսգրքի 53 հոդվածի 6-րդ մասը, և հաշվի առնելով, որ 2023 թվականի համար հաշվարկ-հայտարարագիր ներկայացնող անձանց մի մասը դեռ չի կարողացել անցնել անձի խիստ նույնականացում՝ նույնականացման քարտի կամ բջջային նույնականացման քարտի միջոցով, ինչպես նաև ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունում նույնականացման քարտ ստանալու համար առկա են մեծաքանակ հերթեր, 2023 թվականի համար հաշվարկ-հայտարարագիր ներկայացնելու վերջնաժամկետը հետաձգվում է համապատասխան հաշվարկ-հայտարարագիր ներկայացնելու վերջնաժամկետի օրվանից 81 օրով՝ մինչև սույն թվականի հուլիսի 22-ը»:
Հետաքրքիրն այն է, որ չկա երաշխիք, որ մինչև հուլիսի 22-ը հերթերը ավարտված կլինեն, և համակարգը անխափան կգործի։ Սա դառնում է ևս մեկ ապացույց այն բանի, որ իշխանությունը փորձում է ինչ-որ բան փոխել՝ պատմության մեջ մնալու համար, սակայն երբեք այդ փոփոխության ռիսկերը և խնդիրները հաշվի չի առնում։ Արցախից բռնի տեղահանված քաղաքացիներին անձնագրայիններում դռնեդուռ գցելուց հետո էլ չպատկերացրին, որ նախնադարյան համակարգը 21-րդ դարում չի գործելու, որ մարդիկ հերթերը իրենք կսահմանեն՝ թղթի վրա գրելով։ Անձնագրայիններում վիզաների, քաղաքացիության և այլ հարցերի ժամանակ առաջացած հարցերը փորձեցին լուծել էլեկտրոնային հերթագրման համակարգի միջոցով, սակայն, դեռ չլուծած մի ողջ համակագի խնդիր՝ բարդվեց մյուսը. հայտարարագրման համակարգը լրացնելու համար պետք է ունենալ ID նույնականացման քարտ։ Հենց սրանց պատճառով էլ հերթեր են գոյանում, և խափանվում է մի ողջ համակարգ։ Ստացվում է, որ համակարգի ներդրման պահից, դրանից հետո և լրացման պահին պատրաստ էր հայտարարատու անձը, սակայն ո՛չ պետությունը, ո՛չ համակարգը, ո՛չ էլ ՊԵԿ-ը պատրաստ չէին այս բեռն իրենց ուսերին առնելու առաքելությանը»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։