«Հրապարակ». Օսկանյանի վերադարձը նախատեսվում է ապրիլի 24-25-ին
«Հրապարակ» թերթը գրում է.
«Հայաստանի նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի գլխավորած՝ Արցախի ժողովրդի հիմնարար իրավունքների պաշտպանության հարցերով հանձնախումբը դեռևս մարտի սկզբներից արտերկրում է. Եվրոպայում և ԱՄՆ-ում հանդիպումներ են ունենում տարբեր բարձրաստիճան պաշտոնյաների հետ: Հանդիպումների գլխավոր թեման բռնի տեղահանված արցախցիների հետվերադարձի հարցն է։
Նախատեսվում էր, որ Օսկանյանի գլխավորած հանձնախումբը կվերադառնա մարտի կեսերին, և կատարված աշխատանքների մասին քննարկում կունենան Արցախի քաղաքական վերնախավի հետ, սակայն տեղեկացանք, որ նրանց վերադարձը ձգձգվում է, քանի որ Օսկանյանը տասնյակ պայմանավորվածություններ է այս ընթացքում ձեռք բերել և նույնքան հանդիպումներ է ունեցել միջազգային հեղինակավոր կառույցների տարբեր պաշտոնյաների, պատգամավորների, իր նախկին կոլեգաների հետ։
Այնպես որ, հանձնախմբի վերադարձը նախատեսվում է ապրիլի 24-25-ին: Նրանք նախատեսում են Հայաստանում մնալ մինչև մայիսի առաջին շաբաթը և կրկին մեկնել արտերկիր։ Թե ինչ հաջողություններ է գրանցել հանձնախումբը, կներկայացնեն Հայաստանում` Արցախի խորհրդարանականների հետ հանդիպման ժամանակ։ Հիշեցնենք, որ հանձնախումբը ձևավորվել է Արցախի խորհրդարանի կողմից և հաշվետու է օրենսդիր մարմնին»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։