Անթիլիասում կկայանա «Ցեղասպանություն և Արցախ» միջազգային համաժողով՝ Հայաստանից ու աշխարհից գիտնականների մասնակցությամբ
Ապրիլի 20-22-ը Անթիլիասում Մեծի տանն Կիլիկիո Կաթողիկոսարանի կողմից կազմակերպվում է «Արցախի իրավունքների վերականգնման հրամայականը՝ ընդդեմ Ադրբեջանի ցեղասպանական քաղաքականության» միջազգային համաժողով։ Համաժողովին հրավիրված են մասնակցելու ՀՀ և միջազգային հայտնի 30 պատմաբաններ, գիտնականներ, միջազգային իրավունքի մասնագետներ ու քաղաքագետներ։
Մեծի տանն Կիլիկիո Կաթողիկոսարանից նշում են, որ համագումարն անցկացվում է ապրիլին՝ շեշտելու համար Ցեղասպանության անպատժելիությունը իբրև հետևանք շարունակվող ցեղասպանությունների ու Թուրքիայի աջակցությամբ Ադրբեջանի կողմից իրականացրած ցեղասպանական գործողություններն Արցախի Հանրապետությունում։
Արգենտինացի իրավաբան, իրավունքի դոկտոր, Միջազգային քրեական դատարանի նախկին դատախազ Լուիս Մորենո Օկամպոն զեկույց է կարդալու «Ադրբեջանի իրականացրած ցեղասպանությունը և արցախահայության վերադարձ իրավունքը» թեմայով։
Քննարկումներին հրավիրված է Հայաստանի արտաքին գործերի նախկին նախարար Վարդան Օսկանյանը, ով այժմ գլխավորում է Արցախի ժողովրդի հիմնարար իրավունքների պաշտպանության հարցերով հանձնախմբի աշխատանքները։ Նիստերին ներկա է լինելու նույն հանձնախումբի անդամ և Ընկերվար Միջազգայնականի փոխնախագահ Մարիօ Նալպանտեան, որ պիտի ուղեկցի Լուիս Մորենո Օկամպոյին։
Հայաստանից համաժողովին կմասնակցեն ՀՀ ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Մելքոնյանը, պրոֆեսոր Գևորգ Ստեփանյանը, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ռուբեն Սաֆրաստյանը, ԳԱԱ պատմության ինստիտուտի Հայկական հարցի և Հայոց ցեղասպանության պատմության բաժնի վարիչ, պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ Արմեն Մարուքյանը, մշակութաբան, «Բնօրրան» պատմամշակութային ՀԿ փորձագետ, ԵՊՀ դասախոս Արմինե Տիգրանյանը, պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ Իսկուհի Ավանեսյանը, պատմական գիտությունների թեկնածու Արփինե Բաբլումյանը և ուրիշներ։
«Շատ կարևոր աշխատաժողով է լինելու Հայաստանից ու աշխարհից հայտնի գիտնականների մասնակցությամբ»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց Ա. Տիգրանյանը։
Նա նաև նշեց, որ ապրիլի 22-ին գիտաժողովը կեզրափակվի իր զեկույցով՝ Արցախի մշակութային ժառանգության պաշտպանության միջազգային իրավական մեխանիզմների վերաբերյալ, որից հետո Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոսը կներկայացնի իր Հայրապետական պատգամը։
«Հուսով եմ, որ Վեհափառի օրհնությամբ կօրհնվի նաև այն գործը,որը նախաձեռնել ենք Արցախի մշակութային ժառանգության պահպանության և արցախահայության մշակույթի իրավունքի պաշտպանության համար»,- ասաց Արմինե Տիգրանյանը։
Եռօրյա քննարկումների արդյունքում ընդունվելու է հայտարարություն՝ ուղենշելու համար Արցախում ցեղասպանության հետևանքների հաղթահարման և Արցախի ժողովրդի իրավունքների վերականգնման հնարավոր ուղիները։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին