Փառապանծ անցյալով հիմնարկից մնացին միայն իզն ու թոզը
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը գրում է.
«Իսկ մանկությունը մի թռչուն է՝ թելով կապված մեր սրտերից.
Թելը պոկվում է, նա թռչում ու հեռանում է մեզանից...
Շենքը, որ երեկ պայթեցվեց, մինչև ՊՆ-ին հանձնելը եղել էր «Հայգյուղմեքենայացում» գիտաարտադրական միավորման շենքը։ Միութենական նշանակության հիմնարկ էր, Սովետում ամենամեծերից մեկը։ Միավորումը երեք մասից էր կազմված՝ գիտահետազոտական ինստիտուտ, փորձարարական գործարան և հատուկ մասնագիտացված կոնստրուկտորա-տեխնիկական բյուրո։
Հայրս բյուրոյի տնօրենն էր, հետո դարձավ միավորման գլխ․ ինժեները և գլխ․ տնօրենի տեղակալը։ ՍՍՀՄ վաստակավոր ինժեներ էր։ Գլխ․ տնօրենն ակադեմիկոս էր։ Լուրջ, շատ լուրջ հիմնարկ էր։
92-ին շենքը փոխանցեցին ՊՆ հաշվեկշիռ։ Այդ մասը բաց թողնեմ․․․ Բայց հիշում եմ, որ մի 20 տարի առաջ, երբ ԵԱՀԿ-ում էի աշխատում, այցելեցի ՊՆ բարձրաստիճան մի պաշտոնյայի։ Հորս բյորոյի աշխատասենյակում էր նստում։ Երևի մի 15 տարի չէի եղել։ Ուշադիր կողքս էի նայում։ Հարցրեց․
- Այստեղ եղե՞լ եք։
- Շատ։
- Ե՞րբ,- զարմացած հարցրեց գեներալը։
- Այ է՜ս տարիքից․․․․
ՊՆ-ից հետո շենքը մնաց անտեր։ Իսկ երեկ պայթեցրեցին։ Փառապանծ անցյալով հիմնարկից մնացին միայն իզն ու թոզը։ Լավ է հայրս չտեսավ․․․»։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Ժողովուրդը լրիվ անտեսված է, ամեն ինչ ի շահ իշխանության է արվում. Երևանցիները՝ տրանսպորտի մասին