Գիշերամիզություն ունեցող զինծառայողները չեն խուսափի զինծառայությունից.Սուրեն Պապիկյան
«Առանց կլինիկական դրսևորումների և ախտաբանական փոփոխությունների կիստաներ ունեցող կամ առանց վարքային խանգարումների մանկավարժական բարձիթողի վիճակ և ուսուցման, գրագիտության խնդիրներ ունեցող անձանց զինվորական ծառայությունը, ինչպես նաև ուրոլոգիական և նյարդաբանական համակարգի հիվանդությունների` գիշերամիզություն ունեցող զինծառայողները չեն խուսափի զինծառայությունից, այլ կծառայեն որոշակի սահմանափակումներով»-այս մասին կառավարության նիստին հայտարարել է ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանը։
Նրա խոսքով կիստաների առկայության սահմանափակումները սահմանվելու են զորամասի բժշկի ցուցումով իսկ գիշերամիզություն ունեցող զինծառայողի ծառայությունը շարունակվելու է օրվա հեշտացված կարգավիճակով։
Սուրեն Պապիկյանը հայտնեց, որ առանց վարքային խանգարումների մանկավարժական բարձիթողի վիճակ ունեցող զինծառայողները չեն ընդգրկվի մարտական հերթապահության մեջ, կարգելվի նրանց վարել տրանսպորտային միջոցներ և տեխնիկա, ղեկավարել անձնակազմ։
«Նույն գիշերամիզությամբ էլի զորակոչվում են բանակ, խնդիրը հետագայում ծառայությունից ազատվելն է։ Մենք ունենք վիճակագրական տվյալներ»,- ասաց նա։
Նիկոլ Փաշինյանն էլ հայտնեց, որ վիճակագրությունը նայելիս տեսնում են, որ անկանանությունները շատ են։
«Բայց երբ պրոբլեմների մեջ խորանում ենք, տեսնում ենք,որ կան բազմաթիվ սողանցքներ, և նաև պրակտիկան է թույլ տալիս, որ այդ սողանցքները լայնորեն օգտագործվում են։ Վերջին շրջանում մեր իրավապահ համակարգում, եթե չասեմ բազմաթիվ, գոնե մի քանի այդպիսի աղմկոտ դեպքեր հիշում եմ, երբ զորահավաքային ու առողջապահության համակարգերի աշխատակիցների ներգրավմամբ ուղղակի սխալներ են գործում։
Եվ ՊՎԾ ստուգումների արդյունքում ընդհանրապես մենք մի զարմանալի փաստ հայտնաբերեցինք։ Անկեղծ ասեմ՝ իմ մտքով չէր էլ անցել, որ այդպիսին է պրակտիկան ընդհանրապես, երբ արձանագրվում է, որ զորակոչիկի ուղեղում կիստա կա, բայց հետո հնարավոր չէ նույնականացնել այն հետազոտության տվյալը, որին հղում է արվում, հենց այդ մարդու հետազոտության տվյա՞լն է, թե՞ տիպային կիստա ունեն, քսերոքսով բոլորի գործերի մեջ դնում են և այդպես ազատում ծառայությունից։ Ներողություն եմ խնդրում, ոչ մեկի անմեղության կանխավարկածը չեմ ուզում խախտել, բայց ո՞ւմ մտքով կանցնի, որ երկրի, պետության էլիտար երկու մասնագիտությունների ներկայացուցիչների միջև այդպես լայն համագործակցություն կա՝ ընդդեմ պետության։ Եվ այս ահազանգերը մենք այդ համակարգերից չենք ստացել, այդ համակարգերը չեն մեզ կարմիր դրոշ ծածանել, որ՝ այստեղ խնդիր կա, կարգավորեք։ Մենք լրիվ ուրիշ ճանապարհով գնացել հասկացնել ենք, որ այստեղ խնդիր կա»,- ասաց Փաշինյանը։
Նա հայտարարեց, որ համակարգում նախկինում աշխատողները այլևս չպետք է աշխատեն։
«Մեր նախարարներն էլ պետք է հետևություններ անեն սրանից: Էս ամեն ինչով մինչև հիմա ովքեր են զբաղվել։ Ինձ թվում է՝ էլ չպետք է զբաղվեն։ Ով զբաղվել է վերջին հինգ տարում ու չի զեկուցել, որ այսպիսի պրոբլեմ կա, ես խնդիր եմ դնում՝ գնացեք, ամիսների ընթացքում ընդհանրապես ոչ մեկն էլ այդտեղ չաշխատի»,- ասաց Փաշինյանը և հավելեց. «Այո, ով զբաղվել է վերջին հինգ տարում այս հարցերով ու չի զեկուցել, որ այսպիսի պրոբլեմ կա, էդ թեմայի հետ թող առնչություն չունենա»։