Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում
Հայաստանի պատմության թանգարանում կայացավ «The historical and cultural heritage of the Nagorno-Karabakh conflict zone» («Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտու պատմամշակութային ժառանգությունը», հեղինակներ՝ Զոհրաբ Ըռքոյան, Մհեր Քումունց) անգլերեն գրքի շնորհանդեսը։
Գիրքը ներկայացնում է Քաշաթաղի շրջանի պատմամշակութային ժառանգությունը և արժեքավոր նյութեր է պարունակում հնդեվրոպական ժողովուրդների ժառանգությամբ, միջնադարյան քրիստոնեության պատմությամբ, հայ ժողովրդի պատմությամբ, Հարավային Կովկասի վաղ միջնադարի պատմությամբ, տեղանունների ստուգաբանությամբ և առհասարակ պատմամշակութային ժառանգությամբ հետաքրքված անձանց համար։ Միջազգային հանրությանը արդեն հասանելի է գիտահանրամատչելի, փաստագրական նյութերի հիմքի վրա ստեղծված աշխատություն, որը բովանդակում է Սյունիք-Արցախի պատմական շրջաններից մեկի՝ Քաշաթաղի նկարագիրը, նրա բազմադարյան հայկականությունը։
«Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտու պատմամշակութային ժառանգությունը» գրքի հեղինակ Զոհրաբ Ըռքոյանը Panorama.am-ի հետ զրույցում ասաց, որ գիրքն ավելի շատ նախատեսված է օտարների համար, որպեսզի ճանաչեն, իմանան Արցախի Քաշաթաղի շրջանը, որը պատմական հայոց երկրի տարածքն է, միշտ եղել է հայկական։
«Հույս ունեմ՝ կազատագրենք մեր հայրենիքը, իսկ գրքերը փաստեր են այն մասին, որ հարյուրավոր եկեղեցիներ, մատուռներ կան այդ տարածքում, միջնադարյան հազարավոր խաչքարեր, տապանաքարեր, նաև հայուրավոր ամրոցներ, կամուրջներ, որոնք վաղնջական ժամանակներից գոյություն են ունեցել այդ տարածքում»,- նշեց նա։
Զոհրաբ Ըռքոյանի խոսքով, ադրբեջանցների համար ամենավտանգավորը եկեղեցիների վրայի հայերեն արձանագրություններն են, խաչքարերն ու տապանաքարերը. «Եկեղեցիները ներկայացնում են իբրև աղվանական, ուդիական։ Այսօր սուտն ավելի շատ է անցնում, քան իրականությունը, և մենք պարտավոր ենք անընդհատ նման գրքերով, ցուցահանդեսներով հիշեցնել, որ Արցախը հայկական տարածք է։
Ցանկացած սարի գլխին, փեշին, անտառում, գետերի ափերին մենք կգտնենք հայկական հետքը՝ հուշարձաններ, ամրոցներ, եկեղեցու ավերակներ, խաչքարեր, տապանաքարեր... Բոլորը կան, պահպանվել են։ Չնայած հիմա չգիտեմ, թե դրանցից որոնք են կանգուն, որոնք ոչ։ Կան լուսանկարներ, որոշ տարածքներում խաչքարերն արդեն ոտնատակ են արել, ավերել են»։
Մհեր Քումունցը հույս հայտնեց, որ հայկական հարցին որևէ կերպ օգտակար կլինի այս գիրքը, մասնավորապես ուղղորդում է դիվանագիտական, գիտական ինստիտուտներին, ոչ հայախոս հանրությանը՝ կողմնորոշվելու Արցախի հարցում։
Հայաստանի Պատմության թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանն ասաց, որ այս գրքով մշակութային ժառանգությունը պահպանելու խնդիր են հետապնդում։
«Ոչ միայն պետք է հպարտանանք, որ ունենք նման փառահեղ պատմամշակութային ժառանգություն, պետք է փորձենք ամեն կերպ այս ժառանգությունը պահպանել, ներկայացնել, հանրահռչակել, ցավոք, շատ դեպքերում նաև փրկեք»,- նշեց Դ.Պողոսյանը։
Գիրքը հրատարակության է պատրաստվել «Սյունիքի հայագիտական հետազոտությունների կենտրոնում» 2023 թ. ՀՀ ԿԳՄՍ նախարարության «Հայ մշակույթը հանրահռչակող օտարալեզու գրականության հրատարակում» դրամաշնորհային ծրագրի շրջանակում։
Մանրամասն՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
- Քաշաթաղի Զորախաչ եկեղեցին ադրբեջանցիները ներկայացնում են աղվանական
- Ադրբեջանի կողմից արգելվել են բոլոր հումանիտար փոխադրումները Քաշաթաղի միջանցքով
- Լոս Անջելեսում կայացել է «Գուրգեն Մելիքյանի՝ Քաշաթաղի բազմազավակ ընտանիքների հիմնադրամի» դրամահավաքը
- Ադրբեջանի «աղվանա-ուդիական» համայնքի ներկայացուցիչները պղծել և քանդել են Քաշաթաղի շրջանի Ծիծեռնավանքի հայկական եկեղեցու եզակի շուրֆը
- Քաշաթաղից տարհանվում են հուշարձանները
Լրահոս
Տեսանյութեր
Ժողովուրդը լրիվ անտեսված է, ամեն ինչ ի շահ իշխանության է արվում. Երևանցիները՝ տրանսպորտի մասին