Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ
Այս տարվա սեպտեմբերի 21-ին Հայաստանի պատմության թանգարանում կբացվի «Մայր աստվածություն․ Անահիտից Մարիամ» խորագրով մեծածավալ միջազգային ցուցադրությունը։ Ցուցահանդեսում ներկայացվելու է բրիտանական թանգարանում պահվող Անահիտ աստվածուհու բրոնզե արձանից պահպանված երկու մասունք՝ գլուխն ու ձեռքը։
Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանը Panorama.am-ի հետ զրույցում ասաց, որ «Մայր աստվածություն․ Անահիտից Մարիամ» խորագրով ցուցահանդեսում Բրիտանական թանգարանից բերվող մասունքները համադրվելու են Պատմության թանգարանի շատ արժեքավոր հավաքածուի հետ՝ սկսած նեոլիթյան ժամանակներից մինչև Քրիստոնեություն, մեր օրերը։ Բոլորը Մարիամ աստվածածին նվիրված ցուցանմուշներ են։ Խնդիրը լինելու է այս նմուշների միջոցով պատմել ամենակարևոր երևույթներից մեկի՝ մայր աստվածության և ընդհանրապես հավերժ թեմայի՝ մոր գաղափարի մասին։ Այս առումով Պատմության թանգարանն ունի արժեքավոր, համաշխարհային նշանակության հավաքածու, որը հանդիպելով Բրիտանական թանգարանում պահված մասունքներին, մեր այցելուների համար նորովի կմեկնաբանի այն բովանդակությունը, մեսիջները, որոնք մենք փորձում ենք փոխանցել մեր այցելուներին»։
Նա հայտնեց, որ այժմ կազմակերպչական, նախապատրաստական աշխատանքներ են արվում. «Անահիտ աստվածուհու բրոնզե արձանից պահպանված գլխի և ձեռքի փոխառության պայմանագիրն արդեն ստորագրված է, դրան հետևում է այլ գործընթաց։ Ամեն ինչ պետք է համաձայնեցվի, կարգավորվի ըստ գործող ընթացակարգերի, իսկ դրանք ենթադրում են այս արժեքների ապահովագրություն, տեղափոխման որոշակի ստանդարտներով ծառայությունների ձեռք բերում, բնականաբար, ցուցադրական, համադրական հետաքրքիր աշխատանք, որպեսզի ցուցահանդեսը միջազգային մակարդակի ստանդարտների մի առաջարկ լինի մեր հանությանը»։
Ապահովագրության, տեղափոխության, պահանության ծախսերի հետ կապված հարցին ի պատասխան Դավիթ Պողոսյանն ասաց, որ մանրամասներ չի հայտնի, դրանք կոնֆիդենցիալ են։
«Այսպիսի դեպքերում մանրամասները չեն հանրայնացվում։ Բայց ասեմ, որ գործ ունենք համաշխարհայի նշանակության թանգարանի հետ՝ իր բարձր ստանդարտներով, նաև որոշակի բարձր ու ավելի խիստ պահանջներով և դա նորմալ է»,- ասաց Հայաստանի պատմության թանգարանի տնօրենը։
Իսկ ինչ վերաբերում է հենց ընտրությանը՝ Անահիտի բրոնզաձույլ արձանը, քանի որ Բրիտանական թանգարանում կան նաև շատ այլ գլուխգործոցներ, Դավիթ Պողոսյանն ասաց. «Նախ մի պարզ պատճառով՝ դա մեզ՝ հատկապես հայերիս, հետաքրքիր է։ Հայաստանում շատ աղջիկներ հենց Անահիտ անունն են կրում ու դա հենց այնպես չէ։
Բոլոր ժամանակներում, բոլոր սերունդներում մի հետաքրքիր թեմա կա՝ մոր և մայր աստվածության։ Ինչու չանել մի ցուցահանդես, որը նորովի կանդրադառնա ու նորովի կբացահայտի այս գաղափարը, որը հավերժ թեմա է. քանի մենք կա, այս թեման մեզ հետ լինելու է»։
Ք․ ա․ II-I դդ․ թվագրվող Անահիտ աստվածուհու արձանը Հայաստանում կցուցադրվի 6 ամիս։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
- Անահիտ աստվածուհու գլուխն ու ձեռքը Հայաստան կբերվի սեպտեմբերին
- Անահիտ աստվածուհու կիսանդրու ցուցադրման կազմակերպման հետ կապված աշխատանքները շարունակվում են. Պատմության թանգարան
- «Մայր աստվածություն․ Անահիտից Մարիամ». ցուցադրություն
- Բանգլադեշում դատարանի առջևից իսլամիստների պահանջով հեռացվում է Ֆեմիդա աստվածուհու քանդակը