Ասում են մանիպուլյացիա, ապացույցները կտեսնեն. Փաստաբան
«Ասում են մանիպուլյացիա, ապացույցները կտեսնեն։ Ապացույցներ կլինեն»,-Panorama.am-ի հետ զրույցում այսպես արձագանքեց փաստաբան Վահան Հովհաննիսյանը քիչ առաջ ՔԿ կողմից տարածած տեղեկատվությանը։
Հարցին՝ թե ինչ վիճակում է պատգարակով քննչական բաժնից տեղափոխված քաղաքացին, փաստաբանը պատասխանեց՝ նորից հետ են բերել։
«Այո, հետ են բերել, չգիտեմ, արդեն ինչ կարգավիճակով, հիմա տեսնեմ»,-ասաց Հովհաննիսյանն ու նշեց, որ այս պահին այլ հարցերի պատասխանել չի կարող։
Նշենք, որ փաստաբանն այսօր իր ֆեյսբուքյան էջում հրապարակել էր տեսանյութ, որտեղ երևում է, որ քաղաքացուն քննչական բաժնից տեղափոխում են մեքենա։
168.am-ի հետ զրույցում փաստաբանը մանրամասնել էր, որ տեսանյութում երևացող քաղաքացին ՔԿ է կանչվել որպես վկա։
«Ես անձի հետ գնում եմ, նա սովորական վկա է՝ ոչ մեղադրյալ է, ոչ կասկածյալ։ Հարցաքննությունից հետո փորձում են նրա հագուստներն առգրավել, վկան ասում է, որ օգտվում է իր լռելու իրավունքից, այն, ինչն իրենից առգրավելու են, կարող է իր դեմ օգտագործվել, և իրավունք ունի չտալու։
Քննիչը կանչում է օպերների, Շենգավիթի քրեականի պետին, փորձում են նրան ձեռնաշղթաներ հագցնել, որից հետո իմ աչքի առաջ նրան գցում են գետնին, ոտքը դնում են գլխին, այնպես, որ ներքնաշորերը վրայից հանում են։ Ոտքը դնում են գլխին, ձեռքերը ոլորում են, գլուխը հարվածում են այստեղ ու այնտեղ՝ մի 20 րոպե։
Մարդու իքնազգացողությունը վատացավ, մի քանի անգամ հորդորեցի՝ բժիշկ կանչեն։ Մի քանի անգամ ասելուց հետո միայն բժիշկ են կանչում, նրա մոտ արձանագրվում է առողջական վիճակի ծանր վատթարացում, ընդ որում՝ նրա վրա բազմաթիվ մարմնական վնասվածքներ կան»,- ասել է Վահան Հովհաննիսյանը։
Փաստաբանը նաև փոխանցեց, որ նշված անձին տեղափոխել են «Էրեբունի» բժշկական կենտրոն։
Հրապարակումից հետո՝ րոպեներ առաջ Քննչական կոմիտեն հաղորդագրություն տարածեց, որտեղ մասնավորապես ասված է.
«Անձին պատգարակով շտապօգնությանը մոտեցնելու կադրերի հրապարակումը՝ խոշտանգման մասին անհիմն գրառումով, առանց որևէ փաստի ներկայացման, խոշտանգման փաստարկում չեն կարող լինել։ Տեղի է ունենում պարզ մանիպուլյացիա, որը ծառայեցվում է որպես պաշտպանության տակտիկա»։