95-ամյա ուսուցչուհին առայսօր կարդում է և կրթում սերունդներին
«Արմենպրես»-ը պատմել է 95-ամյա մանկավարժի մասին, որը կիսվել է ողջամտության գաղտնիքով, պատմել Սոս Սարգսյանի հետ անցկացրած մանկությունից ու խորհուրդներ տվել երիտասարդ ուսուցիչներին։
«Լոռու մարզի Ստեփանավան համայնքում բնակվող Սոցիկ Աբրահամյանը (Սոցիկ Աբրահամյան-Սարգսյան) վերջերս տոնել է իր ծննդյան 95-ամյակը։ Առիթ է ոչ միայն տոնելու տարեդարձը, այլև վերհիշելու, վերաարժևորելու երկարամյա մանկավարժական ուղին։ Սոցիկ Աբրահամյանը կամ ինչպես աշակերտներն են նրան դիմում՝ ընկեր Սոցիկն, իր կյանքի ամբողջ աշխատանքային փուլն անցկացրել է Ստեփանավանի թիվ 4 դպրոցում։ Տասնյակ տարիներ կրթել է բազմաթիվ սերունդների՝ նրանց փոխանցելով գրաճանաչության հմտություններ։
«Դասընթացները հաճախ եմ համալրել իմ խորհուրդներով ու հորդորներով։ Երեխաներին անընդհատ ասել եմ, որ պետք է հարգանք լինի ինչպես մեծերի, այնպես էլ միմյանց նկատմամբ»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասել է Սոցիկ Աբրահամյանը։
Տարբերվող ձայնային տվյալների, գեղեցիկ ձեռագրի և երեխաների հանդեպ ուշադիր վերաբերմունքի համար դպրոցն ավարտելուց որոշ ժամանակ անց Սոցիկ Աբրահամյանն առաջարկություն է ստանում աշխատել որպես տարրական դասարանների դասվար՝ աշխատանքային առաջարկ, որը դառնում է մանկավարժական աշխարհը բացահայտելու լավ առիթ։
Դպրոցի ու աշակերտների նկատմամբ սերն այնքան մեծ էր, որ Սոցիկ Աբրահամյանն առանց ընդմիջման դասավանդում է ավելի քան 50 տարի։ Վաստակավոր ուսուցչուհին թեև վաղուց է անցել թոշակի, սակայն երիտասարդ սերնդին կրթելու հնարավորությունը բաց չի թողնում։ Արդեն իր ուշադրության կենտրոնում ծոռներն են։ 95 տարեկանում շարունակում է իր ծոռների հետ մասնակցել դասապատրաստման գործընթացին, օգնել կատարել տնային հանձնարարությունները։
Սոցիկ Աբրահամյանի աշխուժությունը, նոր բացահայտումների ձգտումը, հետաքրքրասիրությունը շատերին է հիացնում։ Այս տարիքում ևս վաստակավոր մանկավարժի օրվա անբաժանելի մասը գրքերն են։ Ողջամիտ լինելու գաղտնիքն էլ կապում է կարդալու հետ։ Օրը կիսատ է, եթե չի ընթերցում։
«Շատ եմ սիրում կարդալ։ Տառաճանաչ դառնալուց ի վեր կարդում եմ։ Այսօր էլ ընթերցանությունն իմ օրվա մի մասն է։ Ուղեղը, միտքը վարժելու համար կարևոր է կարդալը։ Վաղ տարիքում կարդացած ստեղծագործություններ կան, որ մինչև այսօր հիշում եմ»,-նշել է վաստակավոր մանկավարժը»:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա