Իմ աչքի առաջ Քրեական հետախուզության պետը ոտքը դրել է գլխին. Վահան Հովհաննիսյան
Փաստաբան Վահան Հովհաննիսյանն ահազանգում է՝ Շենգավիթի քննչական բաժնում քրեականի պետ Գևորգ Բարեյանն ու իր ենթակաները 39-ամյա տղամարդու են խոշտանգել։ Փաստաբանը պատմում է՝ 39-ամյա Գառնիկը առավոտյան՝ 10։30-ին հրավիրվել է ծանր հանցագործության գործով որպես վկա հարցաքննության, տվել է ցուցմունք, ինչից հետո քննիչը առաջարկել է հանել իր հագուստները, ինչին անձը չի համաձայնել, քննիչը դիմել է առգրավման տարբերակին, և ոստիկանները սկսել են հարկադրաբար վկային մերկացնել։
«3 ոստիկան և 2 օպերլիազոր անձին գցել են գետնին, իմ աչքի առաջ Քրեական հետախուզության պետը ոտքը դրել է գլխին, որպեսզի անձը չշարժվի, և փորձել են ձեռքերն ու ոտքերը ոլորելով իր վրայից հանել հագուստները։ Սա 20-25 րոպեանոց միջադեպ եմ ներկայացնում, քննիչի աշխատասենյակում սեղանը շուռ տալով, աթոռները շուռ տալով, իրերը շուռ տալով, ինձ մի կողմ հրելով, երբ ես փորձում էի միջամտել, փորձում էին հագուստները հանել, այդ ընթացքում անձը հայտարարում է, որ ինքնազգացողությունը վատ է, ուշքը գնում է, խնդրում եմ, հորդորում եմ, որ դադարեցնեն ու շտապօգնություն հրավիրեն, մի 3-4 րոպե հետո կանչում են շտապօգնություն, և տեղափոխում են հիվանդանոց»,-news.am-ի փոխանցմամբ նշել է փաստաբանը։
Դեպքին ներկա են գտնվել նաև քննիչների ընթերակաները, որոնք ոչ միայն չեն միջամտել այլ նաև․ «Ընթերականերին մի քանի անգամ ասում են՝ տեսեք, որ ինքն իր գլուխը խփեց սեղանին, մենք չենք խփել, անձն իր գլուխը խփեց սեղանին , տեսեք, որ ձեզ հետագայում կանչեն ընթերականեր կան, դուք կասեք, որ ինքն է խփել, ընթերականներն ասում են՝ այո, մենք տեսանք, որ ինքն իր գլուխը խփեց սեղանին»։
Ըստ փաստաբանի՝ արդյունքում տղամարդն ստացել է մարմնական վնասվածքներ, սակայն իրեն և Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից եկած խմբին այդպես էլ թույլ չեն տվել տեսակցել քաղաքացուն, արձանագրել նրա վնասվածքները, զրուցել նրա հետ։
Փաստաբանը վստահեցնում է՝ վերջին շրջանում հաճախակիացել են նմանատիպ ահազանգերը, սա, նրա խոսքով, երկրում եղած անպատժելիությունն է, որն էլ նոր հանցանքներ է ծնում։
Վահան Հովհաննիսյանը պատրաստվում է հանցագործության մասին հաղորդում ներկայացնել։
Նշենք, որ դեպքի առնչությամբ Քննչական կոմիտեի խոսնակ Գոռ Աբրահամյանը նշել է, որ քննչական բաժնում անձի խոշտանգման վերաբերյալ տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում, դեպքի ներկայացված նկարագրությունները բացարձակ մտացածին են։
Հարակից հրապարակումներ`
- ՀՀ քննչական կոմիտեն պարզաբանել է ՀՀ ՔԿ Շենգավիթի քննչական բաժնի միջադեպը
- Սամվելը տեղափոխվել է Շենգավիթի դատարան. Փաստաբան
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան