«Իրավունք չունե՞մ ապրելու ... Գնացեք, սահմանների հարցը լուծեք». առգրավում են փողոցային առևտրով զբաղվող քաղաքացիների ապրանքը
Երևանի կենտրոնական փողոցներում քաղաքապետարանի աշխատակիցները ոստիկանության հետ համատեղ փողոցային առևտրով զբաղվող քաղաքացիների ապրանքն են առգրավում և տուգանում։
«Իրավունք չունե՞մ ապրելու․ 30 տարի իրավունք կար, հիմա չկա՞»,- ասաց առևտրականներից մեկը։
«Չի թույլատրվում, օրենքն արգելում է»,- պատասխանեց Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հասարակական կարգի պահպանության ծառայության պետ Արամ Գյուլզադյանը։
«Դե չկա, չկա, ես էլ կթողնեմ ընտանիքիս հետ կգնամ այս երկրից։
Գնացեք սահմանների հարցը լուծեք... Տարեք, կարեք, անուշ արեք։ Ձեր երեխաների աչքերի մեջ ո՞նց եք նայում»,- ասաց առևտրականը՝ դիմելով քաղաքապետարանի աշխատակիցներին։
Արամ Գյուլզադյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքով փողոցային առևտուրն արգելված է, ապրանքն առգարվվում է։
«Ապրանքը տարվում է հատուկ վայր, որտեղ պահվում է, եթե փչանում է դրանից հետո թափվում է, եթե փչացող չէ, վարչական իրավախախատումների գործերով քննության վարչությունը որոշում է՝ ինչ անել»,- պարզաբանեց քաղաքապետարանի պաշտոնյան։
Նա ասաց, որ իրենք բազմաթիվ անգամներ զգուշացրել են փողոցային առևտրով զբաղվող քաղաքացիներին, սակայն չեն լսել իրենց հորդորներին, շարունակել են առևտուր իրականացնել։
Արամ Գյուլզադյանը նշեց, որ միջացառումները շարունակական են լինելու, արդյունքը նկատելի կլինի։
«Մենք իրենց առաջարկել ենք գնալ շուկաներ, որպեսզի առևտուրն իրականացնեն այնտեղ, բայց այս պայմաններն իրենք ավելի նպատակահարամար են գտնում։ Հնարավոր է այստեղ առևտուրն ավելի լավ է լինում, դրա համար են այստեղ գալիս»,- ասաց քաղաքապետարանի պաշտոնյան։
Լրագրողների հետ զրույցում փողոցային առևտրով զբաղվող քաղաքացին ասաց, որ շուկաներում առևտուր չի լինում, դրա համար էլ չի գնում։
«Մի քանի անգամ փորձել եմ, բայց շուկաներում առևտուր չի լինում։ Հարցը վարձավճարը չէ, առևտուր չկա»,- ասաց առևտրականը։
Նա նշեց, որ անցյալ տարի ևս տուգանվել է փողոցային առևտրով զբաղվելու համար։
«Ինչի՞ պետք է տանեք իմ քրտինքը։ Այնպես չէ, որ հենց այնպես տվել եք, որ հիմա ուզում եք տանել։ Ինձ տվե՞լ եք մի բան... »,- ասաց մեկ այլ առևտրական։
Նա փորձեց ապրանքը տանել՝ անցնելով փողոցի ոչ թույլատելի հատվածով, սակայն նրան ոստիկանները հետ բերեցին։
«Այս խեղճ մարդիկ ի՞նչ են անելու։ Երկու կոպեկ փող են աշխատում։ Մեղք են, երեխա են պահում, ի՞նչ անեն։ Ոչ աշխատանք կա, ոչ մի բան»,- ասաց քաղաքացին, ով գնումներ կատարում է հենց այս առևտրականներից։
«Խանութն իր հոր գներն է դնում վրան, այստեղ կարողանում ենք սակարկել ու գնել»,- ասաց մեկ այլ քաղաքացի։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան