Դերասան Արամայիս Սարգսյանը «Անահիտ»-ը Երևանից տարել է Վանաձոր՝ համալրելով իր մրցանակների հավաքածուն
Հայկական ազգային կինոակադեմիայի «Անահիտ» 4-րդ մրցանակաբաշխությունում ռեժիսոր էդգար Բաղդասարյանի «Յաշան ու Լեոնիդ Բրեժնևը» ճանաչվել է լավագույնը 5 անվանակարգում՝ «Լավագույն ռեժիսորական աշխատանք», «Տղամարդու լավագույն դերակատարում», «Լավագույն օպերատորական աշխատանք», «Լավագույն սցենար», «Լավագույն հնչյունային ձևավորում»։
Ֆիլմում Յաշայի դերում խաղացել է Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի դերասան, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Արամայիս Սարգսյանը, ով «Անահիտ» մրցանակ է ստացել «Տղամարդու լավագույն դերակատարման» համար։
«Սա իմ առաջինն «Անահիտ»-ն է։ Այս մրցանակը թիմային աշխատանքի արդյունք է։ Ֆիլմը 5 անվանակարգում ճանաչվել է լավագույնը։ Դա չի նշանակում կոնկրետ միայն օպարատորի, ռեժիսորի կամ գլխավոր դերակատարի աշխատանքն է։ Այնքան մարդիկ կան, որ քրտնաջան աշխատում են, որպեսզի ֆիլմը դառնա այն, ինչ դարձավ։ Սա թիմային աշխատանք է»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց Արամայիս Սարգսյանը։
«Յաշան և Լեոնիդ Բրեժնևը» ֆիլմը հայ-ռուսական համատեղ արտադրության հայկական ֆիլմ է: Թեև վերնագրում քաղաքական գործիչ Լեոնիդ Բրեժնևը անունն է նշված ու թվում է՝ այն քաղաքականության մասին պետք է լինի, սակայն այն քաղաքականության մասին չէ, այլ տարիքով մի հայ մարդու, որը 25-րդ համագումարում տեսել է Բրեժնևին։
«Ֆիլմը բացարձակապես կապ չունի քաղաքականության հետ։ Յաշան արդեն թոշակի անցած մարդ է, ունի իր երևակայությունը, ինչպես բոլոր մարդիկ։ 25-րդ համագումարում հանդիպում է Բրեժնևի հետ, այդ մեկ անգամ կյանքում, երևի ձեռքն է բռնել կամ չի բռնել ու դրանից հետո Բրեժնևն ամեն քայլափոխի իր հետ է։ Նրան ոչ ոք չի տեսնում, բացի իրենից։ Շփվում է նրա հետ, խոսում, մարդիկ զարմանում են՝ ում հետ է խոսում այս մարդը, քանի որ մարդ չկա։ Իր աղջկա նշանադրությանը Բրեժնևը ներկա է։
Բրեժնևը Յաշային հրավիրում է Մեծ թատրոն բալետ դիտելու, հրավիրում է պոլիտբյորոյի նիստերին, որտեղ պետական հարցեր են քննարկում»,- ֆիլմը հակիրճ ներկայացրեց գլխավոր դերակատարը։
Արամայիս Սարգսյանի կարծիքով, ժյուրին գնահատել է իր դերասանական աշխատանքը, կատարողականը։
««Անահիտ»-ը տարել եմ մեր տուն, դրել իմ սեղանին՝ համալրելով իմ արդեն ստացած մրցանակները»,- ասաց նա։
Ա. Սարգսյանը շարունակում է խաղալ ներկայացումներում, նաև նրան կտեսնենք նոր ֆիլմերում։
«Երկու ֆիլմում նկարահանվելու առաջարկ ունեմ։ Մեկն ուսանողական դիպլոմային աշխատանք է։ Էդգար Բաղդասարյանի ուսանողն է։ Շատ հետաքրքիր, կիրթ, մակարդակով սցենար է։ Կերպարն ինձ շատ հոգեհարազատ է՝ բարի, կամեցող մարդ է, որը գալիս է 20-րդ դարից ու չի կարողանում համակերպվել, իր ճիշտ տեղը գտնել 21-րդ դարում։ Ունի իր հին սրճարանը, հիմ կարգով շվեցար կա, որը փակում, բացում է դուռը։ Շատ մանրամասներ չհայտնեմ։
Երկրորդը հայ-ռուսական նախագիծ է, հայ ընտանիքի, հայերի մասին է, ինձ դուր է եկել։ Ռեժիսորի հետ նախնական համաձայնություն կա»,- ասաց Արամայիս Սարգսյանը։
Հարակից հրապարակումներ`
- «Անահիտ»-ի մրցանակակիրները
- «Մի ֆունտ սիրտ»՝ Վանաձորից Մոսկվային դերասան Արամայիս Սարգսյանի մատուցմամբ
- Շեքսպիրյան և մեր օրերի Շեյլոկներ՝ դերասան Արամայիս Սարգսյանի ներկայացմամբ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան