Սողոմոն Թեհլիրյանի ազգականներն արժեքավոր նյութեր են հանձնել Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտին
Այսօր Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում հյուրընկալվել էին Սողոմոն Թեհլիրյանի հորեղբոր որդու՝ Սամվելի թոռնուհիները` Արփի Օսկանյանը և Անուշ Օսկանյան-Օհանյանը, ովքեր իրենց ընտանեկան մասունքները` Սողոմոն Թեհլիրյանի անտիպ օրագրությունը և թվով ինը լուսանկար, հանձնեցին Հայոց ցեղասպանության թանգարանին: Այս մասին հայտնում են թանգարան-ինսիտուտից։
ՀՑԹԻ տնօրեն Էդիտա Գզոյանը, շնորհակալություն հայտնելով բացառիկ նյութերի տրամադրման համար, հույս հայտնել է, որ դրանք, մասնավորապես օրագրությունը, նոր լույս կսփռեն ինչպես Սողոմոն Թեհլիրյանի կյանքի, այնպես էլ hայոց պատմության հերոսական էջերից Նեմեսիս գործողության առանձին դրվագների վրա: Իր խոսքում Էդիտա Գզոյանը կարևորել է նաև Սողոմոն Թեհլիրյանի դատավարության նշանակությունը ցեղասպանության եզրույթի և կոնվենցիայի ստեղծման հարցում` նշելով. «Սողոմոն Թեհլիրյանը մերն է, բայց նա նաև աշխարհինն է»:
Այնուհետև ՀՑԹԻ գլխավոր ֆոնդապահ Գոհար Խանումյանը ներկայացրել է Հայաստանի տարբեր թանգարաններում և արխիվներում, այդ թվում նաև Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում պահվող Սողոմոն Թեհլիրյանի լուսանկարները, անձնական փաստաթղթերը և այլն: Արփի Օսկանյանը և Անուշ Օսկանյան-Օհանյանն իրենց խոսքում նշել են, որ երկար քննարկելուց հետո հասկացել են, որ Սողոմոն Թեհլիրյանի անտիպ օրագրության և լուսանկարների տեղը հենց Հայոց ցեղասպանության թանգարանն է: Ի նշան երախտագիտության՝ ՀՑԹԻ տնօրեն Էդիտա Գզոյանը նվիրատուներին հանձնեց ապրիլքսանչորսյան ծաղկաթերթերից պատրաստված շնորհակալագրեր:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան