«Հրապարակ». Փաշինյանը Կոտայքի մարզի Զառ գյուղի դպրոցում վայելում էր իր սիրելի Պապ թագավորի մասին բեմականացումը
«Հրապարակ» թերթը գրում է.
«Մինչ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Նիկոլ Փաշինյանը Կոտայքի մարզի Զառ գյուղի դպրոցում վայելում էր իր սիրելի Պապ թագավորի մասին բեմականացումը։ Նրա այցից առաջ, տնօրեն Ամալյա Հովհաննիսյանի հրահանգով, դպրոցի պատից հեռացրել էին Արցախի դրոշը, որը փակցված է եղել զոհվածների փառքի անկյունում։ Հովհաննիսյանը մեզ ասաց, թե չի եղել նման բան՝ դրոշը չի հեռացվել, սակայն դպրոցի մեր աղբյուրները պնդեցին, որ եղել է։ Հարցին՝ ինչո՞ւ Պապ թագավոր, ո՞ւմ մտահղացումն էր, նիկոլական տնօրենն ասաց. «Նախագծային աշխատանք էր»։ Ասաց, որ Փաշինյանը մինչև վերջ դիտել է ներկայացումը, դրական գնահատել։ Պապ թագավորից ի՞նչ դրվագ էր բեմականացվել։ «Ճիշտն ասած՝ չեմ կարող մանրամասներ ասել, ես ֆիզարձակուրդում եմ, ներկա չեմ գտնվել»։
Հիշեցնենք. Նիկոլ Փաշինյանը հաճախ է հիշատակում Պապ թագավորին, թե պատմիչները նրան դավաճան են անվանում, բայց, իր կարծիքով, նա եղել է ամենապետականամետ, բարեփոխիչ թագավորը, և զուգահեռներ էր տանում իր և Պապի միջև՝ եկեղեցու դեմ վարվող քաղաքականության համատեքստում։ Մի առիթով էլ ասաց․ «Եթե պատմությունը գրի նույն ձեռքը, ինչ գրել է Պապ թագավորի մասին, պարզ է` ես կլինեմ հերթական նեռը, դավաճանը, հողատուն, իսկ եթե գրի մեկ ուրիշ ձեռք, որի համար առանցքային արժեքը ՀՀ-ն է, կասի` մարդ էր, որ ուզում էր և բոլոր ջանքերը գործադրեց, որ ՀՀ-ն լինի ինքնիշխան, անկախ, ժողովրդավարական պետություն»։
Մինչդեռ Հայոց պատմության դասագրքերում Պապը ներկայացված չէ որպես նեռ, դավաճան, առավել ևս՝ հողատու, հակառակը՝ նա խելամիտ, հաստատակամ երիտասարդ էր, որը փորձում էր պառակտված Հայաստանը միավորել։ Կարճ ժամանակում վերականգնեց Մեծ Հայքի սահմանները, հնազանդեցրեց անջատողական, ըմբոստ նախարարներին, ուժեղացրեց բանակը։ Պապի հրամանով սպանվեցին 2 հայ դավաճաններ, որոնք պարսկական բանակը բերել էին Հայոց երկիր»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։