Գարեգին Երկրորդ. Հայ ժողովուրդն ամենուր շարունակի համախումբ ջանքեր գործադրել հանուն Հայոց ցեղասպանության դատապարտման
Ապրիլի 21-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Հայ Հեղափոխական Դաշնակցության Հայաստանի երիտասարդական միության անդամներին՝ ուղեկցությամբ ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի։
Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի հաղորդմամբ, իր հայրական օրհնությունը փոխանցելով միության ներկայացուցիչներին՝ Նորին Սրբությունն ընդգծել է, որ վերջիններիս այցը հայոց հոգևոր կենտրոն վկայությունն է Հայ Եկեղեցու հանդեպ որդիական սիրո և հավատարմության։
Վեհափառ Հայրապետն իր գնահատանքն է բերել երիտասարդներին ամեն տարի ապրիլի 23-ին դեպի Ծիծեռնակաբերդի բարձունք ջահերով երթի կազմակերպման համար, որով բազում հայորդիներ, առաջնորդությամբ նաև եկեղեցականների, իրենց հարգանքն ու խոնարհումն են բերում Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակին։
Նորին Սրբությունը նշել է, որ Հայոց ցեղասպանության զոհերի սրբադասմամբ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը նոր խորհուրդ է ստացել, դարձել հայ ժողովրդի հոգու, մտքի, գիտակցության պայծառակերպության սրբավայր, հոգևոր ուժի և զորության ակունք։ Եվ այս նվիրական վայրում այլևս հայցում ենք մեր նահատակների բարեխոսությունը, որպեսզի առ Աստված հավատքով և ապավինությամբ կարողանանք միասնաբար դիմակայել հայրենիքի և մեր ժողովրդի առջև ծառացած մարտահրավերներին, իրականություն դարձնել համազգային մեր նվիրական իղձերը։
Ամենայն Հայոց Կաթողիկոսը նաև կարևոր է համարել, որ աշխարհասփյուռ հայժողովուրդն ամենուր շարունակի համախումբ ջանքեր գործադրել հանուն Հայոց ցեղասպանության դատապարտման, աշխարհում ցեղասպան նոր ոճրագործությունների կանխարգելման և արդարության հաղթանակի։
Հանդիպմանը Նորին Սրբությունն անդրադարձ է կատարելնաև Հայաստանի առջև ծառացած մարտահրավերներին, անվտանգային սպառնալիքներին։ Հայոց Հայրապետն ընդգծել է, որ տիրող ծանր իրավիճակից հնարավոր է դուրս գալ միմիայն հայրենիքի ապագայի տեսլականի շուրջ համազգային միաբանության հաստատման ճանապարհով՝ հեռացնելով մեր կյանքից ատելությունն ու թշնամանքը, հատվածական շահերի նկրտումները։
Առկա իրադրության մեջ Ամենայն Հայոց Կաթողիկոսը հրամայական է նկատել հոգևոր վերարթնությունը՝ հորդորելով երիտասարդներին ակտիվորեն ներգրավվել հոգևոր-եկեղեցական կյանքում՝ միշտ ամուր պահելով հավատքն առ Աստված, սերն ու նախանձախնդրությունը ազգային ու հոգևոր արժեքների, նախնյաց ավանդների ու ժառանգության նկատմամբ։
Հանդիպմանը Հայոց Հայրապետը պատասխանել է երիտասարդների հարցերին, որոնք վերաբերում էին Եկեղեցու հոգեխնամ և ազգապահպան առաքելությանը, հայրենիքի առջև ծառացած մարտահրավերների հաղթահարմանն ուղղված Մայր Աթոռի ջանքերին, Եկեղեցի-պետություն հարաբերություններին։
Վերջում Ամենայն Հայոց Կաթողիկոսը վերստին իր օրհնությունն է բաշխել հայորդիներին՝ աղոթելով, որ Հարուցյալ Տիրոջ ամենախնամ Սուրբ Աջը հովանի լինի մեր հայրենիքին և ողջ հայոց ազգին։
Հարակից հրապարակումներ`
- Վարդան Օսկանյանը մտահոգություն է հայտնել, որ Ցեղասպանության ճանաչման և հատուցման համար պայքարը կարող է թուլանալ
- Անդրանիկ Քոչարյան, ցեղասպանվածների ցուցակների պատվերը բերեցիր, հիմա էլ սա հետ փոխանցի
- 2-5 տարի ազատազրկում, տուգանք կամ հանրային աշխատանք. Նախշքարյանը հիշեցրել է ՔՕ՝ Ցեղասպանությունը հերքելու հոդվածը
- Պատմաբան. Հայոց ցեղասպանության բոլոր զոհերի անունները հնարավոր չէ վերականգնել ու դա շատ լավ հիմք կտա թուրքական պատմակեղծարարներին
- Թուրքական իշխանությունն է մշտապես առաջ տարել Հայոց ցեղասպանության զոհերի թիվը կասկածի տակ դնելու գաղափարը. Թաթոյան
- 44-օրյայի զոհերի անունները չհրապարակած այս ցեղասպանները մտադիր են պարզել ցեղասպանված 1,5 մլն հայերի անուն-ազգանունները. Ղազարյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան