ՀՑԹ-ում կբացվի «Հայ կինը՝ ցեղասպանության զոհ և հերոս» խորագրով ժամանակավոր ցուցադրություն
Ապրիլի 23-ին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում կբացվի «Հայ կինը՝ ցեղասպանության զոհ և հերոս» խորագրով ժամանակավոր ցուցադրություն: Ասուլիսում այս մասին տեղեկացրեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Էդիտա Գզոյանը։
«Ցուցադրության միջոցով ցանկանում ենք անդրադառնալ Հայոց ցեղասպանության ընթացքում հայ կանանց ճակատագրին, նրանց դերին, առաքելությանը, հետագայում հայ ազգի փրկության, նրա բեկորների հավաքման առումով»,- նշեց նա։
Առանձին խորագրերով ներկայացված են լինելու մինչև ցեղասպանությունը հայ կնոջ կերպարը, նրա իրավունքների հետ կապված հարցեր: Ցուցադրությունում ներկայացված են հայ կանանց անհատական պատմություններ. Գյուլիզար, Արաքսի Ճեպեճյան, Փառանձեմ Պալյան, Զեփյուռ Մեծպահքյան, Վարթեր Նազարյան-Դերանյան, Էլմաս Սարաճյան-Պոյաճյան, Ավրորա Մարդիգանյան, Սրբուհի Գրիգորյան, Զաբել Եսայան, Զարուհի Պահրի, որոնք, անցնելով թուրքական վայրագությունների միջով, դարձան պայքարի, կուռ կամքի և հայ ժողովրդի վերածննդի խորհրդանիշներ:
Ցուցադրության մեջ ներկայացված են հայ կնոջ կյանքի ու կենցաղի հետ կապված անձնական բազմաթիվ իրեր, բնօրինակ բացառիկ լուսանկարներ, փաստաթղթեր, հուշագրություններ, փաստավավերագրական ֆիլմ և այլն: Ցուցադրությունը գործելու է մինչև 2025 թ. ապրիլը:
Էդիտա Գզոյանը հայտնեց, որ ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը գործելու է արտակարգ ռեժիսով, բաց է լինելու ժամը 10։00-20։00։ Թանգարանն անվճար է։
«Արդեն այս պահին երկու պաշտոնական պատվիրակություն ունենք հաստատված։ Ֆրանսիական պատվիրակություններ են»,- նշեց նա։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան