Ալեն Սիմոնյանը մեղադրել է Ռուսաստանին և Ադրբեջանին Հայաստանի դեմ հիբրիդային հարձակման մեջ
ՀՀ ԱԺ-ից հայտնում են. «ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ելույթ է ունեցել Եվրոպական միության անդամ պետությունների խորհրդարանների նախագահների համաժողովում։
«Ցանկանում եմ երախտագիտություն հայտնել այս համաժողովին մասնակցելու հրավերի և այս հիասքանչ քաղաքում մեր պատվիրակությանը ցուցաբերած ջերմ ընդունելության համար: Այս հարթակում առաջին անգամ իմ եվրոպացի գործընկերներին դիմելը մեծապես կարևոր է, և ես անկեղծորեն գնահատում եմ ինձ ընձեռած այս հնարավորությունը:
Հարգելի՛ գործընկերներ,
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ համաժողովի ուշադրության կենտրոնում Ուկրաինա Ռուսաստանի ներխուժման հարցն է և մերձավորարևելյան հակամարտությունը` ուզում եմ վերահաստատել, որ Հայաստանը հաստատակամորեն պաշտպանում է Ուկրաինայի, ինչպես նաև Մոլդովայի, Վրաստանի, Կիպրոսի և բոլոր երկրների տարածքային ամբողջականությունը: Միջազգային տարբեր հարթակներում մենք միշտ աջակցել ենք պաղեստինյան հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը երկու պետությունների սկզբունքի հիման վրա:
Այս համաժողովի թեմաները հրատապ են: Մենք հայտնվել ենք տեխնոլոգիական հեղափոխության նոր դարաշրջանում՝ ապշեցուցիչ և միաժամանակ վտանգավոր, որն արտահայտվում է բեկումնային առաջընթացներով և սոցիալ-քաղաքական կյանքի համար սպառնալիքներով: Սոցիալական մեդիայի նշանակությունը չի կարելի թերագնահատել, քանի որ արհեստական բանականության օգնությամբ ապատեղեկատվության արագացված տարածումը կարող է սրել լարվածությունը հասարակությունների ներսում և մարդկանց միջև՝ հրահրելով հակամարտություններ և վտանգ ներկայացնելով ժողովրդավարությանը, քաղաքացիական ազատություններին և անվտանգությանը: Այս համատեքստում հակամարտությունից տուժած տարածաշրջանները գնալով ավելի խոցելի են դառնում:
Հետևաբար, այս մարտահրավերները հաղթահարելու համար արդյունավետ քաղաքականություն մշակելը հրամայական է:
Հայաստանը բախվում է անվտանգության ամենօրյա սպառնալիքների, այդ թվում՝ հիբրիդային պատերազմի հարձակումների:
Ադրբեջանն օգտագործել է տարբեր լրատվամիջոցներ և սոցիալական ցանցեր՝ հայկական տարածքներ աստիճանաբար զավթելու համար: Տեղադրելով կեղծ տեսանյութեր, որոնք իբրև ցույց են տալիս հայկական զորքերի տեղաշարժը՝ Ադրբեջանը ձգտում է Հայաստանին ներկայացնել որպես ագրեսոր՝ հարձակման համար պարարտ հող նախապատրաստելու և սեփական ագրեսիան արդարացնելու համար:
Մեր արևելյան հարևանը տեխնոլոգիաների օգտագործման հարցում միայնակ չէ: Ռուսաստանը սպառնալիքների և ապատեղեկատվության արշավ է կազմակերպում: Մտահոգիչ է, որ Ռուսաստանի կառավարության բազմաթիվ պաշտոնյաներ համարձակվում են թելադրել Հայաստանի շահերը և խոսել հայ ժողովրդի անունից:
Հայաստանի դեմ Ռուսաստանի և Ադրբեջանի հիբրիդային հարձակումը, որը կապված էր ապրիլի 5-ին Բրյուսելում տեղի ունեցած եռակողմ հանդիպման հետ, և որին մասնակցում էին Հայաստանի վարչապետը, Եվրահանձնաժողովի նախագահը և ԱՄՆ պետքարտուղարը, ասվածի վառ օրինակն է:
Ապատեղեկատվությունն ու ահաբեկումն օգտագործվել են այս հանդիպման կայացումը կանխելու համար, և քանի որ այն չհաջողվեց, փորձ արվեց խեղաթյուրել հանդիպման արդյունքները:
Ի պատասխան վերջին իրադարձություններին` Հայաստանի կառավարությունն արգելեց ռուսական պետական հեռուստատեսությամբ քարոզչական հաղորդման հեռարձակումը Հայաստանի տարածքում՝ ատելության խոսքի տարածումը և Հայաստանի ներքին գործերին միջամտությունը դադարեցնելու նպատակով:
Հայաստանը հաստատակամ է խաղաղության իր հանձնառության մեջ և մերժում է պատերազմի ցանկացած դրսևորում մեր տարածաշրջանում կամ աշխարհի ցանկացած այլ վայրում:
Մենք հակամարտությունների կարգավորման համար փնտրում ենք խաղաղ լուծումներ և պաշտպանում ենք ժողովրդավարական արժեքները՝ համոզված լինելով, որ դրանք զարգացման հիմնաքարերն են: Մենք հուսով ենք, որ մեր եվրոպացի գործընկերների և բարեկամների հետ միասին կարող ենք դադարեցնել եվրոպական տարածաշրջանում և ամբողջ աշխարհում ժողովրդավարությունների դեմ հիբրիդային պատերազմը:
Հարակից հրապարակումներ`
- ՔՊ «լավերը», «խառոշիները» հավաքվել են կայացրել դատավճիռ, Ալեն Սիմոնյանը հրապարակել է․ Քրիստինե Վարդանյանը՝ Սամվելի խոշտանգման մասին
- Ալեն Սիմոնյանը կարգադրել է պարգևատրել պարեկային ծառայության պետին և ոստիկանության բաժնի պետի տեղակալին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան