Բագրատ Սրբազանի հորդորով Ոսկեպարում ծափողջույններ հղեցին Գրիգոր Խաչատուրովին
«Հիշում եմ այն ժամանակները, երբ մեր բանակային կորպուսի հրամանատարն էր, մեր լեգենդար, երիտասարդ, կարելի է ասել՝ միակ հաղթանակած գեներալ Գրիգորի Խաչատուրովը, և այն ժամանակ մեր մտքի ծայրով անգամ չէր անցինի, որ այս տարածքի հետ ինչ-որ մեկն ինչ-որ բան աներ՝ որևէ մի սանտիմետր, նշույլ հողի հետ»,-Ոսկեպարի Սուրբ Աստվածածին եկեղեցու մոտ հայտարարեց Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանը։
Նա հիշեց 2020 թվականի հուլիսի սահմանային փայլուն գործողությունները։
«Ես ժողովրդին խնդրեցի բոլորով ծափահարել գեներալին, որ մեզ նաև այդ օրերի ուրախությունն է պարգևել»,-հավաքվածներին դիմեց Բագրատ Սրբազանը։
Ներկաները ծափերով ողջունեցին գեներալ Գրիգորի Խաչատուրովին։
Սրբազանը հույս հայտնեց, որ Խաչատուրովի ունեցած դժվարությունները կանցնեն։
Բագրատ Սրբազանը դիմեց տեղում ներկա փոխոստիկանապետ Կարեն Հակոբյանին՝ ասելով «Ո՞վ է եկեղեցու դռները փակում մեր առջև, ոչ ոք։ Չեմ կարծում, որ որևէ մեկը ցանկություն ունի փակելու։ Ունե՞ք նման ցանկություն»։
Փոխոստիկանապետը նշեց, որ եկեղեցու մուտքը չեն փակել, ընդհանուր տարածքն են փակել, անվտանգությունն են ապահովում։