Խախտվել է սահմանազատման ամբողջ տրամաբանությունը, սա մինի կապիտուլյացիա է․ Ռուբեն Մելքոնյան
«Թուրքիան և Ադրբեջանը արդեն վաղուց հանդես են գալիս որպես մեկ ամբողջություն և, Շուշիի հռչակագրից հետո, արդեն իրավական առումով այդ պետությունները ունեն մեկ միասնական ռազմական օրակարգ։ Այդ օրակարգի թիրախում է Հայաստանը՝ որպես պետություն վերացնելը»,- «Թուրքիայի պատմություն. 100-ամյա հանրապետության քաղաքական ուրվագծերը 1923-2023 թթ.» գրքի շնորհանդեսից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան, թուրքագետ Ռուբեն Մելքոնյանն՝ անդրադառնալով Տավուշի մարզում տիրող իրավիճակին։
«Այն ինչ տեղի է ունենում Տավուշում հայկական պետականության ինքնուրույնության հերթական դրվագի ոչնչացումն է։ Սա իրական սահմանազատում չէ, քանի որ իրական սահմանազատման դեպքում հաշվի են առնվում բնակչության շահերը ՝ տեխնիկական, հոգևոր և այլն։ Այս պարագայում տեղի է ունենում մասնակի սահմանազատում, որի պարագայում նաև խախտվում է հավասարությունը։ Սահմանազտման կարևոր հանգամանքը հավասար զիջելն է, եթե մի տեղում զիջում են 100 մետր , մեկ այլ տեղում նույնպես պետք է 100 մետր զիջեն։ Հիմա եթե մենք հատվածական ենք անում, ապա խախտվում է սահմանազատման ամբողջ տրամաբանությունը։ Ինչը ևս հուշում է, որ սա ոչ թե իրական սահմանազատում է, այլ իրական կապիտուլյացիոն ռեժիմի շարունակությունն է կամ մինի կապիտուլյացիա է, երբ թշնամին պահանջում ու վերցնում է այնպիսի տարածքներ, որը նրան հնարավորություն է տալու նաև հետագա այլ թշնամական քայլերի՝ ճանապարհի վերահսկում, գազատարի վերահսկում, քաղաքացիների կենսական խնդիրների ոտնահարում և այլն»,- ասաց Մելքոնյանը։
Նրա խոսքով՝ կատարվողը պետք է դիտարկել 2020թ․-ի Նոյեմբերի 9-ի կոնտեքստում, քանի որ սրանք փոքրամասշտաբ կապիտուլյացիոն գործողություններ են։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան