Ցեղասպանվեցինք, որովհետև առավել հավատացինք թշնամու բարեգթությանը, քան մեր քաջությանը. Արշակ Սրբազան Խաչատրյան
Հանրապետության հրապարակից մեկնարկած ջահերով երթը հասավ Եղեռնի զոհերի հուշահամալիր։
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Արշակ Սրբազան Խաչատրյանը աղոթք կարդած ի ոգեկոչում հայոց մեծ եղեռնի 1.5 մլն անմեղ զոհերի հիշատակին։
Իր խոսքում նա նշեց
«Տասնյակ տարիներ մեր ժողովուրդը մորմոքացող սրտով, չսպիացող վերքերով, գլխահակ, շարժվում է դեպի նահատակաց հուշարձան, շարժվում է և մտովի զրուցում իր նահատակ կամ հրաշքով մազապուրծ եղած հայրենակիցների ու նախնիների հետ»,- ասաց Արշակ Սրբազանը
Նա նկատեց, որ հազարավոր գիշերներ ինքներս մեզ հարց ենք տալիս, թե ինչու արժանացանք այս դառը ճակատագրին։
«Ցեղասպանվեցինք, որովհետև մեզնից առավել ուրիշին վստահեցինք և անմտորեն մեզնից առավել ուրիշին նվիրվեցինք։ Առավել հավատացինք թշնամու բարեգթությանը, քան մեր քաջությանը, առավել ապավինեցինք թուրքական բարյացկամությանը և մեծահոգությանը, քան մեր ազգային արժանապատվության և ինքնապաշտպանության բնական ձգտումին«- հայտարարեց Արշակ Սրբազան Խաչատրյանը
Նա հայտնեց, որ այսօր պատմությունը կրկնվում է Թյուրքիայի գործիք Ադրբեջանի միջոցով։
«Այս ողբերգական իրականության և գոյաբանական սպառնալիքի առջև ուղակի զավեշտական, չասելու համար դավաճանական է թվում այն ինքնամոռաց, բայց նույնքան ինքնահավան մոլուցքը, որով Հայաստանի իշխանությունները և նրանց ձայնակցող հասարակական-քաղաքական, քաղաքացիական ուժերն ու հոսանքները լծվել են թուրք ադրբեջանական տանդեմի հետ խաղաղության դարաշրջան կամ խաղաղության խաչմերուկ կերտելու ճարտարապետությանը»,-հայտարարեց Սրբազանը և շեշտեց, որ հնարավոր չէ մեկի հետ համակեցությամբ ապրել, եթե վերջինս անընդհատ կրկնում է, որ հայերն իրենց թշնամին են։
Նրա խոսքով, թշնամու բարեգթությանը հանձնվելը նոր ցեղասպանության սկիզբ է և ով մոռացության մատնի Հայոց ցեղասպանությունը՝ սերնդեսերունդ նզովյալ է լինելու։
Հարակից հրապարակումներ`
- Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցն է
- Ջահերով երթ՝ Ախալքալաքում
- Ցեղասպանության զոհերի էլեկտրոնային շտեմարանի ձևավորման աշխատանքները սառեցվե՞լ են
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան