Ի դեմս Ադրբեջանի՝ այսօր աշխատում է Թուրքիան, սա նոր երևույթ է, որը պետք է գիտակցենք. Դեմոյան
«Կարող ենք արձանագրել մի հետաքրքիր երևույթ, որը նորույթ է. այն, ինչ Թուրքիան անում էր ուղղակի, այսինքն Հայաստանի, հայության դեմ ուղղված գործողություն, այսօր իրականացվում է թաքուն, սակայն այդ գործողության բացահայտ մասը մենք տեսնում ենք Ադրբեջանի գործողություններում»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր Հայկ Դեմոյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյո՞ք Թուրքիայի քաղաքականությունը Հարավային Կովկասում վերջին 100 տարում փոփոխվել է, թե իր թյուրքական աշխարհի ծրագիրն է առաջ տանում և այսօր խաղաղություն, հարևանություն, սահմանների բացում տեղավորվում է այդ ծրագրի մեջ։
Ըստ նրա, Թուրքիան այս պահին կարիք չի զգում ուղղակի բաց տեքստով ասել և ի հայտ գալ իր գործողություններով, հայտարարություններով, այդ աշխատանքը նա բաշխել է Ադրբեջանին. դա երևում է Ադրբեջանի նախագահի խոսույթով, ադրբեջանական բանակի գործողություններով։
«Սա նոր երևույթ է, որը պետք է գիտակցենք և հասկանանք, որ ի դեմս Ադրբեջանի այսօր աշխատում է Թուրքիան և այն ուժերը, որոնք դեռևս մեզ համար լիովին հայտնի չեն։ Բայց, իհարկե, Թուրքիան առաջին ջութակի դերն է կատարում»,- ընդգծեց Հայկ Դեմոյանը։
Նա նշեց, որ Թուրքիայի քաղաքականությունը տրանսֆորմացվել է, բայց դա չի նշանակում, որ այն փոխվել է։
«Նոր խնդիրներ են դրել իրենց առջև։ Մենք հինգ տարի առաջ խոսում էինք, որ Թուրքիան երեք նախապայման է դրել, կեղծ պատկերացում կար, որ այդ երեք նախապայմաններն իրականացնելու դեպքում Թուրքիան կբացի սահմանը, կհաստատի բարիդրացիական հարաբերություններ, բայց տեսնում ենք, որ այսօր նույնիսկ Արցախի հայաթափման պարագայում Թուրքիան շարունակում է չշտապելու իր քաղաքականությունը, որովհետև մենք հայտնվել ենք այնպիսի իրավիճակում, երբ որ և Թուրքիան, և Ադրբեջանը տրամաբանորեն ակնկալելու են էլ ավելի զիջումներ. այսօր կխոսեն միջանցքից, վաղը կխոսեն արտատերիտորիալ իրավունքներից, հաջորդ օրը կթելադրեն մեկ այլ քաղաքականություն Հայաստանում, իսկ մյուս օրը կասեն, պատկերավոր ասած, Սևանի ավազանը քաղցրահամ ջրի մեծ ավազան է, դուք չեք կարող միանձնյա օգտվել, մենք իրավունք ունենք օգտվել Սևանի պաշարներից»,- ասաց Հակ Դեմոյանը։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան