«Ժողովուրդ». Վարչապետի աշխատակազմում ոչ միայն հարցերի բովանդակությունը չեն կարդում, այլև խմբային խուսափում են գնահատական տալուց
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Ապրիլի 15-ին հանրային տրանսպորտում տեղի ունեցած միջադեպը՝ ՔՊ խմբակցության պատգամավոր Հակոբ Ասլանյանի և քաղաքացի Սամվել Վարդանյանի միջև, ակնհայտ դարձավ քաղաքական հետապնդման գործիք։
«Ժողովուրդ» օրաթերթը հարցմամբ դիմեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ խնդրելով գնահատական տալ կատարված խայտառակ աննախադեպ բռնությանը և սեռական նսեմացման դեպքին:
Հիշեցնենք, որ քննչական ծառայությունից ՁՊՎ տեղափոխելու ճանապարհին, ամբողջությամբ սև հագած դիմակավորված անձինք ոստիկանական մեքենայից դուրս էին հանել Սամվել Վարդանյանին, տարել էին մի քանի մետր այն կողմ՝ խոտերի մեջ, չոքեցրել, գլուխը խփել գետնին (ըստ երևույթին՝ նրա ճակատի ուռածությունը հենց այդ դեպքի հետևանքն էր) ու սկսել էին ձեռքերով հարվածել։ Այդ ամբողջ գործընթացը ուղեկցվել էր սեռական բնույթի հայհոյանքներով, վերջին խոսքերով։
Ընդ որում, ծեծողները պահանջել էին Սամվելից, որ կրկնի իր նկատմամբ հնչեցրած սեռական բնույթի հայհոյանքները, վերջում թքել էին նրա վրա։ Այնուհետև, նրան՝ չոքած վիճակում, ձեռքերը՝ հետևի կողմից ձեռնաշղթայված, տաբատը իջեցրել էին, փայտը կամ «դուբինկան» դեմոնստրատիվ պահել ոտքերի արանքում՝ այդպիսով ցանկանալով ինչ-որ բան ցուցադրել, սպառնալ կամ վախեցնել։
Ժողովրդավարությունը որպես թիվ մեկ «բրենդ» հռչակած կառավարության ղեկավար, ի՞նչ գնահատական ունեք այս երևույթին և ինչ քայլեր եք ձեռնարկել այս անպատժելիության առիթով:
«Ժողովուրդ» օրաթերթի այս հարցին, սակայն, Նիկոլ Փաշինյանը, խուսափել է պատասխանելուց և հանձնարարել է այն հասցեագրել դեպքի փաստացի հանցակից ՀՀ ներքին գործերի նախարարությանը։
ՆԳՆ-ից մեզ պատասխանել են, որ ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչությունում իրականացվում է ծառայողական քննություն։
Հավելել են. «Արդյունքների մասին կհայտնվի լրացուցիչ»։
Ստացվում է, որ ՀՀ վարչապետի աշխատակազմում ոչ միայն հարցերի բովանդակությունը չեն կարդում, այլև խմբային խուսափում են գնահատական տալուց իրենց իշխանության օրոք տեղի ունեցած խայտառակ բռնությունների կոնկրետ դեպքին»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։