Անցած տարի այս օրը Ալիևը տեղադրեց ապօրինի անցակետը Բերձորի միջանցքում, իսկ մեկ տարի անց՝ սյունը Հայաստանի ու Ադրբեջանի միջև. Բեգլարյան
Արցախի Հանրապետության նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը գրում է.
«Տավուշի գյուղերը չպետք է տրվեն Ադրբեջանին, և իշխանությունների այդ որոշման դեմ հանրային բողոքը հիմնավոր է, իսկ պայքարի մեթոդները՝ իրավաչափ:
Նույնիսկ եթե սահմանազատման ու սահմանագծման հարցում իշխանությունները հիմք են վերցնում Ալմա Աթայի փաստաթուղթն ու խորհրդային հանրապետությունների վարչական սահմանները, ապա այդ դեպքում նույնպես Հայաստան-Ադրբեջան հարաբերություններում առկա բոլոր հիմնախնդիրները պետք է լուծում ստանան համապարփակ ու փաթեթային կերպով: Առնվազն շրջանակային համաձայնագիր է պետք, որը կհասցեագրի բոլոր հակամարտային հարցերը, այդ թվում՝ Արցախի ժողովրդի հավաքական, անվտանգ ու արժանապատիվ վերադարձը Հայրենիք:
Բռնապետ ու ցեղասպան Ալիևին և իր տերերին պետք է ոչ թե հակամարտության կարգավորումը, այլ՝ Հայաստանի ու հայերի նվաստացման ու մասնատման գործընթացը և այդ ընթացքում ստացած զիջումները Հայաստանից:
Մի՛ մոռացեք՝ ուղիղ մեկ տարի առաջ Ալիևը հրապարակայնորեն հայտարարել է, որ «Հայաստանը Ադրբեջանի ու Թուրքիայի հավերժական թշնամին է»: Ի դեպ, հիշեցնեմ նաև, որ անցած տարի այս օրը Ալիևը տեղադրեց ապօրինի անցակետը Բերձորի միջանցքում, իսկ մեկ տարի անց՝ այսօր, տեղադրվեց առաջին սահմանագծման սյունը Հայաստանի ու Ադրբեջանի միջև: Հուսամ՝ այդ սյունը նույն հետևանքը չի թողնելու հայ ժողովրդի համար, ինչ անցակետն է թողել: