Գարեգին Երկրորդն ընդունել է Մարսելի արքեպիսկոպոս կարդինալ Ժան Մարկ Ավըլինի գլխավորած պատվիրակությանը
Այսօր Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Մարսելի արքեպիսկոպոս կարդինալ Ժան Մարկ Ավըլինի գլխավորած պատվիրակությանը։ Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի հաղորդմամբ, հանդիպմանը ներկա է եղել նաև ՀՀ-ում Սուրբ Աթոռի գործերի ժամանակավոր հավատարմատար Հայր Ալիաքսանդր Ռահինիան։
Ողջունելով հյուրերին՝ Նորին Սրբությունը նկատել է, որ պատվիրակության այցը Հայաստան տեղի է ունենում նվիրական այս օրերին, երբ հայ ժողովուրդը ոգեկոչում է Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակը: Խոսելով մեկ դար առաջ տեղի ունեցած ոճրագործության մասին՝ Վեհափառ Հայրապետը ցավով անդրադարձել է հայ ժողովրդի կյանքում տեղ գտած մի նոր ցեղասպանությանը՝ Ադրբեջանի կողմից իրագործված էթնիկ զտումներին և Արցախի հայաթափմանը։
Նորին Սրբությունը, անդրադարձ է կատարել նաև Հայաստանի առջև ծառացած մարտահրավերներին ու անվտանգային խնդիրներին, վստահություն հայտնել, որ առ Աստված ապավինությամբ և առ հայրենին ունեցած սիրով, ինչպես նաև բարեկամ ժողովուրդների աջակցությամբ հայ ժողովուրդը կկարողանա հաղթահարել առկա դժվարությունները։
Հանդիպմանն Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր գնահատանքն է հայտնել Հռոմի Կաթոլիկ Եկեղեցուն այս դժվարին օրերին Հայաստանին ու արցախահայությանը ցուցաբերվող զորակցության համար։
Զրույցի ընթացքում կարդինալ Ժան Մարկ Ավըլինը՝ ի դեմս Ֆրանսիայի Կաթոլիկ եկեղեցու իր զորակցությունն է հայտնել հայ ժողովրդին և Հայոց Հայրապետին: Կարդինալն անդրադարձել է նաև Մարսելի հայ համայնքի և Կաթոլիկ եկեղեցու ջերմ հարաբերություններին և գործակցությանը:
Վերջում Հայոց Հովվապետն իր եղբայրական ողջույններն ու բարեմաղթանքներն է փոխանցել Հռոմի Սրբազան Քահանայապետին։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան