Փաշինյանի հիշողությունը համընկնում է Էրդողանի հիշողության հետ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Հարավային Կովկասի տարածաշրջանում նոր կարգ է հաստատվում։ Նրա կարծիքով՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը դա հասկանում է։
Մինչ այդ Փաշինյանը հայտարարել էր, որ հայկական կողմը հավատարիմ է Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման օրակարգին։
«Տարածաշրջանում նոր կարգ է հաստատվում, ժամանակն է մի կողմ թողնել անհիմն հիշողությունները։ Միշտ ավելի լավ է գործել ժամանակի իրողություններին համապատասխան, քան հիմնվել հորինված պատմությունների վրա, որոնք կապ չունեն իրականության հետ։ Այսօր այն հասկացել է նաև Փաշինյանը»,-«ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ, Իրաքից վերադառնալիս լրագրողներին ասել է թուրք առաջնորդը:
Նրա խոսքով՝ պատմաբաններն առաջինն են հասկանում, թե ինչ է տեղի ունեցել անցյալում։
Էրդողանն ակնարկում է մարդկության պատմության մեջ կատարված առաջին Ցեղասպանության՝ Հայոց Մեծ Եղեռնի փաստը, որի ժամանակ Թուրքիան 20-րդ դարի սկզբին պետական մակարդակով, նպատակային ցեղասպանության ենթարկեց ավելի քան 1.5 մլն հայ։
Ապրիլի 24-ը Ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակի օրն է։