Ցեղասպանության զոհերի էլեկտրոնային շտեմարանի ձևավորման աշխատանքները սառեցվե՞լ են
Հայոց Ցեղասպանության հարցի վերաբերյալ գործող իշխանությունների հակասական հայտարարություններն ու քայլերը շարունակվում են: Մինչ իշխանության ներկայացուցիչները բարձրացնում են Ցեղասպանության զոհերի ցուցակները «հստակեցնելու» հարցը, զուգահեռ իրականությունում «սառեցվում» է Ցեղասպանության զոհերի տվյալների էլեկտրոնային շտեմարանի ձևավորման գործընթացը, որի ուղղությամբ ժամանակին հսկայական աշխատանքներ են իրականացվել:
Մասնավորապես նախորդ տարի հայտնի դարձավ, որ Ցեղասպանության թանգարան-ինստիտուտը համապատասխան սարքավորումներ է ձեռք բերել և սկսել ցեղասպանության զոհերի տվյալների շտեմարանի ձևավորման և թվայնացման գործընթացը, սակայն NEWS.am-ի տեղեկություններով՝ մինչ օրս այս ուղղությամբ որևէ գործուն քայլ չի ձեռնարկվել:
Ավելին, մեզ հայտնի դարձավ, որ Ցեղասպանության թանգարան-ինստիտուտը երեք անգամ ֆինանսավորման հայտ է ներկայացրել ՀՀ ԿԳՄՍՆ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեին, սակայն երկու անգամ մերժվել:
Վերջին անգամ Թանգարանը Կոմիտեին է դիմել նախորդ ամիս, սակայն մինչ օրս պատասխան չի ստացել:
Խնդրի առնչությամբ NEWS.am-ը գրավոր հարցմամբ դիմել է համապատասխան գերատեսչություններին և սպասում է պատասխաններին:
Նշենք, որ վերջին տասնամյակի ընթացքում Հայաստանում պարբերաբար աշխատանքներ են իրականացվել Հայոց Ցեղասպանության զոհերի տվյալների էլեկտրոնային շտեմարանի ձևավորման ուղղությամբ:
Մասնավորապես դեռևս 2012-ին Հայաստանի Ազգային արխիվում ձևավորվել է էլեկտրոնային համակարգ, որում ամփոփվում էին մինչև 1922 թվականը տեղի ունեցած ցեղասպանության և կոտորածների ընթացքում նահատակված հայերի տվյալները` տարիքը, անունը և, առհասարակ, այն ամենն, ինչ պահպանվել է տարբեր փաստաթղթերում։ NEWS.am-ի հետ զրույցում Ազգային արխիվի նախկին տնօրեն Ամատունի Վիրաբյանը նշեց, որ Արխիվի ներքին՝ սահմանափակ ռեսուրսների հաշվին 5-6 տարվա ընթացքում հաջողվել է էլեկտրոնային համակարգում գրանցել 100-120.000 զոհերի տվյալներ, սակայն 2018թ. այդ գործընթացն այլևս չի շարունակվել:
«Այս աշխատանքներն իրականացրել ենք մեր ռեսուրսներով՝ ձգտելով հնարավորինս շատ տվյալներ հավաքել, սակայն պետք է գիտակցել, որ երբեք էլ հնարավոր չէ մեկուկես միլիոն մարդու տվյալ հավաքել: Անցել է հարյուր տարի, Արևմտյան Հայաստանում չեն իրականացվել մարդահամարներ, ամբողջական գյուղեր են ոչնչացվել, որտեղ որևէ մեկը ողջ չի մնացել, որ անուններ թվարկի: Սակայն մենք գիտենք, թե Արևմտյան Հայաստանում որքան հայեր են ապրել մինչև Առաջին աշխարհամարտը, նրանցից քանիսն են փրկվել Ցեղասպանությունից, իսկ վերապրածների վկայությունները բազմաթիվ են:
Օրինակ 1916-1918թթ. «Վշտապատումում» արձանագրված գաղթականների վկայությունների հիման վրա 2012-2013թթ հրապարակվեց եռահատոր գիրք, որի շնորհիվ հնարավոր եղավ 100-120.000 անուններ ճշտել»,-ասաց նա:
Վիրաբյանի խոսքով՝ Արևմտյան Հայաստանից գաղթած 30.000 որբերի վկայությունների շնորհիվ հաջողվել է նույնականացնել 60-70.000 զոհի և վերապրածի տվյալ:
«Տարիներ շարունակ հավաքագրվել են բազմաթիվ տվյալներ, որոնց հիման վրա էլեկտրոնային շտեմարան ստեղծելը հատկապես կարևոր է սերունդների համար»,-ասաց նա:
Ազգային արխիվի նախկին տնօրենը, սակայն տեղեկություններ չունի՝ արդյոք հավաքագրված էլեկտրոնային տվյալները պահպանվել են, թե ոչ:
Նրա խոսքով՝ այն աշխատակիցները, որոնք պրոֆեսիոնալ էին, փորձ ունեին նմանօրինակ ձեռագիր փաստաթղթեր հետազոտելու, այսօր այլևս արխիվում չեն աշխատում:
«Ինձնից հետո Արխիվում համակարգիչներ ու սերվերներ են փոխվել, աշխատակիցներ են փոխվել և ես չեմ կարող ասել, թե ինչ է եղել մեր հավաքած տվյալների բազայի հետ»,-ասաց նա:
Հիշեցնենք, որ ապրիլի 15-ին Ազգային ժողովում ճեպազրույցի ժամանակ ՔՊ-ական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը հայտարարել է, որ Հայոց ցեղասպանության 1.5 մլն զոհերի բոլոր անուն–ազգանուններն ու հասցեները պետք է արձանագրվեն։ Պատգամավորի կարծիքով՝ զոհերի ցուցակների հստակեցման բացը պետք է լրացնել, հակառակ դեպքում Թուրքիան կշարունակի պնդել, որ Հայոց ցեղասպանություն չի եղել։ Մինչդեռ պատմաբանների և ոլորտի մասնագետների գնահատմամբ՝ նման թեզեր շրջանառելը ոչ միայն անընդունելի է, այլև վտանգավոր Հայաստանի համար: Հայոց ցեղասպանությունը, որպես մարդկության դեմ ուղղված հանցագործություն ճանաչվել է մի քանի տասնյակ երկրների և միջազգային կառույցների կողմից:
Պաշտոնական պատմագիտական աղբյուրների համաձայն՝ 1915-1923թթ. ժամանակահատվածում Ցեղասպանության զոհ է դարձել Օսմանյան կայսրությունում ապրող մեկուկես միլիոն հայ, իսկ մնացածները` կամ բռնի մահմեդականացվել են, կամ էլ ապաստանել աշխարհի տարբեր երկրներում:
Հարակից հրապարակումներ`
- Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի ջահերով երթի առաջին ջահը վառվեց Թուրքիայի և Ադրբեջանի այրվող դրոշների կրակից
- Ցեղասպանությանը կանանցից ու երեխաներից կազմված քարավանները դիտավորյալ թողտվությամբ ենթարկվում էին ավազակային հարձակումների
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան