Սաֆրաստյան. Էրդողանը վախ ունի Սփյուռքից, դա պայմանավորված է շատ կոնկրետ փաստերով
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երեկ ասել էր, որ «տարածաշրջանում հիմա նոր կարգ է հաստատվում, ժամանակն է հրաժարվել անհիմն հիշողություններից, ավելի լավ է գործել՝ ելնելով ներկա ժամանակի իրողություններից: Հիմա դա հասկանում է նաև Փաշինյանը», իսկ այսօր ավանդական ապրիլքսանչորսյան ուղերձով ցավակցել է Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում «ոչ բարենպաստ պայմանների հետևանքով նահատակված հայերի թոռներին ու սերունդներին»։
Ռեջեփ Թայիփ Էրդողանի վերջին հայտարարությունները մեկնաբանելու համար Panorama.am-ը դիմեց ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի նախկին տնօրեն, ակադեմիկոս, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանին։
Ռուբեն Սաֆրաստյան-Ակնհայտ է, որ Թուրքիան շարունակում է իր ժխտողականության քաղաքականությունը ու այդ ժխտողականությունը հիմնվում է կեղծիքների, պատմության կեղծարարության վրա։ Այդ քաղաքականությունը սկիզբ է առել հենց Հայոց ցեղասպանության տարիներից։ Այն ժամանակվանից արդեն սուտ էին խոսում, ժխտում էին, այդպես շարունակվում է 100 տարուց ավելի ու մինչև մեր օրեր։ Սա թուրքական պետականության մոտեցումն է բոլոր քաղաքական ռեժիմների ժամանակ։ Որոշ փոփոխություններ լինում են ոչ թե սկզբունքային առումով, այլ շեշտադրումների առումով։ Էրդողանը սրանից մոտ 10 տարի առաջ այդ թեզն է առաջ քաշել, որ դա ոչ թե ցեղասպանություն է եղել, այլ պատերազմի հետևանքով զոհեր են եղել հայերի ու թուրքերի շրջանում։
Սա պատմական իրականությունը ժխտելու, կեղծելու թուրքական պետականության հերթական փորձն է։
Համոզված եմ, որ Հայաստանն ու հայ ժողովուրդը երբեք չի ուրանա Հայոց ցեղասպանությունը, մոռացության չի տա մեր պատմության այդ դաժան էջը։
Panorama.am-Բայց, փաստորեն, այսօր իշխանության ներկայացուցիչ պատգամավորն առաջարկում է գրի առնել Հայոց ցեղասպանության զոհերի անունները։
Ռուբեն Սաֆրաստյան-Դա բխում է չիմացությունից։ Մասնագետները շատ լավ գիտեն, որ ցեղասպանագիտության մեջ կա մի արտահայտություն՝ «թվերի խաղ»։ Հայոց ցեղասպանության զոհեր թիվը 1,5 միլիոն է, Հոլոքոստի զոհերի թիվը 6 միլիոն է։ Ժամանակ առ ժամանակ ասում են՝ այսքան չէ, ավելի ճիշտ պետք է հաշվել և այլն։ Դա ժխտելու նպատակով է արվում, մարդկանց ներքաշել ծուղակի մեջ, որ այսքան չի եղել, այնքան է եղել, պետք է ճշտել։ Դա սխալ բան է, չիմացությունից է։ Չիմացությունը պայմանավորված է նրանով, որ մարդիկ չեն պատկերացնում Օսմանյան կայսրության իրողությունները, Օսմանյան կայսրությունում բնակչության հաշվառում չկար։ Ինչպե՞ս կարելի է կոնկրետ պարզել։ Դա բխում է պատմական իրողության չիմացությունից։
Panorama.am- Էրդողանը նաև հույս է հայտնել, որ «Հայաստանը կազատվի այն խավարից, որի մեջ իրեն ներքաշել է Սփյուռքը և կընտրի նոր նախաձեռնությունների ուղին՝ հանուն պայծառ ապագայի»։ Վա՞խ ունի Սփյուռքից։
Ռուբեն Սաֆրաստյան- Ասում է այն, ինչ երազում է՝ սեպ խրել Հայաստանի ու Սփյուռքի միջև։ Այո, կան քաղաքական տարբեր մոտեցումներ Հայաստանում, Սփյուռքում, բայց համոզված եմ, որ հիմնարար, սկզբունքային առումով Հայաստանն ու Սփյուռքը հանդես են գալիս որպես միասնական մի համակարգ, մարմին, չի կարելի բաժանել Հայաստանը Սփյուռքից։ Դա համաշխարհային հայությունն է։ Ինչ որ ասում է Էրդողանը, իր երազանքն է, որ թուրքերը կարողանան բաժանարար սեպեր խրել Հայաստանի և Սփյուռքի միջև։ Չի լինի դա երբեք։
Իհարկե, վախ ունի Սփյուռքից։ Դա պայմանավորված է շատ կոնկրետ փաստերով։ Հայկական Սփյուռքը ԱՄՆ-ում, Ֆրանսիայում այնպիսի քաղաքական դիրքեր ունի այդ երկրների քաղաքական կյանքում, որ Թուրքիան ինչքան էլ իր բոլոր հնարավորություններով, ֆինանսական մեծ ռեսուրսներով պայքարում է, չի կարողանում, պարտվում է շատ դեպքերում, օրինակ, Հայոց ցեղասպանության ճանաչման առումով։ Էրդողանները կգան, կգնան, ոչ մեկին չի հաջողվի, ով էլ լինի Թուրիքայի ղեկավարը, սեպ խրել Հայաստանի ու Սփյուռքի միջև։
Բեյրութում Մեծի Տանն Կիլիկիո Արամ Առաջին կաթողիկոսի հովանու ներքո կազմակերպվել էր միջազգային գիտաժողով, մասնակցում էին Հայաստանից, Սփյուռքից մասնագետներ։ Արամ Առաջինը Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության շրջանակում ստեղծել է «Կիլիկիա» հարթակը։ 10 հոգուց է բաղկացած, 3 հոգի Հայաստանից, մնացածը՝ Սփյուռքից, Արամ Առաջինն էլ ղեկավարում է աշխատանքները։ Պարբերաբար հանդիպում ենք, գիտաժողովներ անցկացնում։ Դա Հայաստանի ու Սփյուռքի միավորման մոդելն է՝ կոնկրետ խնդիրներ լուծելու համար, օրինակ, Արցախի, Հայաստան-Սփյուռք հարաբերությունների, Ցեղասպանության հետ կապված խնդիրներ և այլն։
Նման հարթակներ եթե շատ լինեն, կապերը շատ ավելի սերտ կլինեն Հայաստանի և Սփյուռքի միջև։
Panorama.am-Շնորհակալություն հարցերին պատասխանելու համար։
Հարակից հրապարակումներ`
- Թուրքիայի նախագահը ցավակցել է միայն Թուրքիայի հայերին
- Արամ Ա-ն՝ Էրդողանին.Որտեղի՞ց եկան մեր նահատակների աճյունները, Օսմանյան կայսրության սահմաններից ներս քո պապերի կողմից կոտորվեցին մեր պապերը
- Վահրամ Տեր-Մաթևոսյան. Էրդողանի հայտարարությունը վիրավորանք է, անարգանք, հանդուգն ու անընդունելի
- Վերջին օրերին իշխանական թիմի արշավը ցեղասպանության դեմ հասցվում է տրամաբանական ավարտին. Գեղամյանը՝ Էրդոանի հայտարարության մասին
- Փաշինյանի հիշողությունը համընկնում է Էրդողանի հիշողության հետ
- Մենք տեսնում ենք ցեղասպանության տարբեր դրսևորումներ, որոնք հաճախ տեղի են ունենում Ադրբեջանում- Հրանտ Միքայելյան
- Մոտ 200 հազար հայ երեխաներ ու երիտասարդ կանայք Հայոց ցեղասպանության տարիներին բռնի ձուլվել են. ՀՑԹ տնօրեն
- Գարեգին Երկրորդ. Հայ ժողովուրդն ամենուր շարունակի համախումբ ջանքեր գործադրել հանուն Հայոց ցեղասպանության դատապարտման
- Պատմաբան. Հայոց ցեղասպանության բոլոր զոհերի անունները հնարավոր չէ վերականգնել ու դա շատ լավ հիմք կտա թուրքական պատմակեղծարարներին
- Հրանուշ Խառատյանը՝ ՔՊ-ական պատգամավորին. Դիմանալու բան չի, պարոն Քոչարյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան