Առնո Բաբաջանյանի անվան քոլեջի կամերային նվագախումբը կկատարի Կոմիտաս վարդապետի Պատարագը
Այսօր ժամը 19:00-ին Երևանի «Առնո Բաբաջանյան» համերգասրահում, Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին Երևանի Առնո Բաբաջանյանի անվան պետական երաժշտամանկավարժական քոլեջի կամերային նվագախումբը կկատարի Կոմիտաս վարդապետի Պատարագը` կամերային նվագախմբի համար փոխադրմամբ։
Պատարագի փոխադրումը կամերային նվագախմբի համար Վազգեն Առաջին Ամենայն Հայոց կաթողիկոսի ցանկությամբ իրագործել է ջութակահար, դիրիժոր, Հայաստանի պետական կամերային նվագախմբի հիմնադիր, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ Զարեհ Սահակյանցը շուրջ կես դար առաջ։
Բաբաջանյան քոլեջի կամերային նվագախումբը գործում է 8 տարի` լարային գործիքների ամբիոնի դասախոս Արամ Հարությունյանի ղեկավարությամբ։ Նվագացանկում են տարբեր ժամանակաշրջանի և ժանրերի ստեղծագործություններ։
«Պատարագը հնչեցնելու գաղափարը խիզախում էր պատանի երաժիշտների համար` ի հաստատումն հանճարեղ նախնիների հզոր ժառանգության կրող լինելու պատասխանատվության, հանուն հայրենյաց նահատակված հայորդիների հիշատակին հավատարիմ մնալու վճռականության»,- Panorama.am-ին փոխանցեցին Առնո Բաբաջանյանի անվան պետական երաժշտամանկավարժական քոլեջից։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան