Ադրբեջանի նման պնդումները դուրս են դատարանի՝ գործի քննության ժամկետային շրջանակից. Լոուրենս Մարտին
ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում Հայաստանի շահերը ներկայացնող փաստաբան Լոուրենս Մարտինն անդրադարձավ դատարանի ժամկետային իրավազորության հարցին:
«Երկուշաբթի ես քննարկեցի, թե Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի 22-րդ հոդվածի միակ տրամաբանական մեկնաբանության համաձայն՝ պետք է ժամկետային սահմանափակում լինի, և դա վերաբերի միայն այն արարքներին և գործողություններին, որոնք տեղի են ունեցել այն ժամանակ, երբ վեճի մասնակից երկու կողմերն էլ կոնվենցիային միացած են եղել, այսինքն` կոնվենցիան նրանց նկատմամբ կիրառելի է եղել:
Թույլ տալ, որ Ադրբեջանը նման պահանջներ ներկայացնի նախքան 1996 թվականը տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ՝ կոնվենցիայի հետադարձ կիրառության լուրջ խնդիրների տեղիք կտա:
Հետադարձ կիրառության խնդիրն այն է, որ Ադրբեջանը փորձում է 22-րդ հոդվածով հետ գնալ ժամանակի մեջ և պնդել, թե իրավունք ունի հարցեր բարձրացնել կոնվենցիայով Հայաստանի պարտավորությունների կատարման առնչությամբ այն ժամանակահատվածում, երբ Հայաստանն Ադրբեջանի նկատմամբ այդ պարտավորությունները չի ունեցել, մենք համարում ենք, որ 22-րդ հոդվածը չի կարելի այդ կերպ մեկնաբանել:
Կոնվենցիայի նյութական պարտավորությունները վերահաստատում են, որ Ադրբեջանի այս ջանքերը պետք է չթույլատրվեն: Երեկ առաջին անգամ Ադրբեջանն ընդունեց, որ սույն գործով նյութական պարտավորությունները erga omnes (այն իրավունքները և պարտավորությունները, որոնք վերաբերում են բոլորին) պարտավորություններ չեն, այլ erga omnes partes (հավաքական պարտավորություններ՝ ուղղված ընդհանուր շահի պաշտպանությանը) պարտավորություններ են: Դրանք առաջանում են կոնվենցիային միացած պետությունների համար կոնվենցիային միացած այլ պետությունների նկատմամբ: Դատարանը նշել է, որ մասնակից յուրաքանչյուր պետություն շահագրգռված պետք է լինի տվյալ գործով այդ պարտավորությունների կատարմամբ: Այս ամենը հիմնավորվում է միջազգային իրավունքի ինստիտուտի բանաձևում, որը վերաբերում է միջազգային իրավունքի մեջ պարտավորություններին և erga omnes իրավունքներին:
Պայմանագրային իրավունքները և պարտավորությունները իրենց բնույթով փաթեթային են, և մեր պարագայում եթե պետությունը որևէ պարտավորություն չունի պայմանագրի` իր համար ուժի մեջ մտնելուց առաջ որևէ գործողության կամ փաստի առնչությամբ, նույն պետությունը չի կարող նաև այս փաստերի կամ գործողությունների հետ կապված որևէ իրավունք ունենալ: Դա նշանակում է, որ չպետք է թույլ տալ, որ Ադրբեջանը, այդ իրավունքը գործադրելով, պահանջի, թե իրավասու է բողոքներ ներկայացնել այն արարքների կամ գործողությունների վերաբերյալ, որոնք տեղի են ունեցել այդ ամսաթվից առաջ: Այլ կերպ ասած՝ Ադրբեջանի նման պնդումները դուրս են դատարանի՝ գործի քննության ժամկետային շրջանակից:
Այսպիսով, ըստ փաստաբան Լոուրենս Մարտինի՝ 1993 թվականին միանալով Ռասայական խտրականության վերաբերյալ կոնվենցիային, մինչև 1996 թվականի սեպտեմբերը պարտավորություններ է ունեցել 140 պետությունների նկատմամբ, որոնց թվում Ադրբեջանը չկա: Ադրբեջանը այդ կոնվենցիային միացել է 1996-ին:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան