«Հրապարակ». Որոշ ՔՊ-ականներ Փաշինյանին առաջարկել են Տիգրանաշենը փոխանակել Արծվաշենի հետ, Փաշինյանը մի իսկական թատրոն է սարքել
«Հրապարակ» թերթը գրում է.
«Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ընդունած արձանագրությամբ ասվում է, որ մինչև մայիսի 15-ը պետք է լուծվի Տավուշի 4 բնակավայրերի հանձնման հարցը, իսկ մինչև հուլիսի 1-ը կողմերը պետք է համաձայնեցնեն հանձնաժողովի աշխատանքների կանոնակարգը, այդ թվում՝ խնդիրների լուծման հերթականությունը, ապա շարունակեն սահմանի մնացած հատվածների սահմանազատման գործընթացը՝ «ներառյալ անկլավների և էքսկլավների հետ կապված հարցեր»: Սա նշանակում է, որ 4 գյուղերով հարցը չի փակվելու, Հայաստանը, ըստ Մհեր Գրիգորյանի ստորագրած փաստաթղթի, Ադրբեջանին պետք է վերադարձնի Վերին Ոսկեպար, Սոֆուլու-Բարխուդարլու և Տիգրանաշեն «էքսկլավային գյուղերը»։ Խորհրդային տարիներին Ադրբեջանի 3 էքսկլավներն արհեստականորեն ձևավորվել են Հայաստանի համար կենսական նշանակություն ունեցող ճանապարհների վրա կամ դրանց հարևանությամբ։
Այսպես՝ Տիգրանաշենը (Քյարքի), որն, ըստ քարտեզի, ընդգրկում է 8,4 քառ/կմ տարածք, գտնվում է միջպետական (Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման) ճանապարհի վրա։ Սոֆուլու-Բարխուդարլուն Տավուշի մարզկենտրոն Իջևանից մոտ 15 կմ հեռավորության վրա է: Այն այսօր բնակեցված չէ, սակայն կենսական նշանակություն ունի հարակից գյուղերի՝ Դիտավանի, Ազատամուտի, Կայանի և Այգեհովիտի բնակիչների համար, որոնք այս տարածքն օգտագործում են անասնապահության և հողագործության նպատակով: Հարևանությամբ միջպետական ճանապարհն է (Ոսկեպար-Նոյեմբերյան), որը Նոյեմբերյանի Հաղթանակ գյուղի մոտ միանում է Վանաձորից դեպի Վրաստան գնացող մայրուղուն (Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման)։ Ոսկեպար գյուղի մոտ՝ Մ-16 մայրուղու հարևանությամբ, ԽՍՀՄ տարիներին ձևավորվել է Վերին Ոսկեպար անկլավը, որը երեքից ամենամեծն է՝ 25,6 քառ/կմ: Միասին 44,2 քառ․ կմ է՝ Արծվաշենի տարածքից միայն 6,1 քառ/կմ-ով մեծ։
Ներկուսակցական քննարկումների ժամանակ որոշ ՔՊ-ականներ Փաշինյանին առաջարկել են Տիգրանաշենը փոխանակել Արծվաշենի հետ, որի աշխարհագրական դիրքն այնպիսին է, որ եթե այն ստանանք էլ, դժվար թե հայերը գնան ու բնակվեն, սակայն Փաշինյանը մի իսկական թատրոն է սարքել` վրդովվել, թե ինքը չի կարող ՀՀ տարածքից հրաժարվել, իրեն կդատեն դրա համար: Սա նշանակում է, որ Տիգրանաշենի հանձնումն անխուսափելի է, իսկ Արծվաշենը թեև թղթի վրա կվերադարձնեն, բայց այնտեղ ոչ մի հայ չի ապրի: Կստացվի, որ Ալիևը բավարարված է, Փաշինյանն էլ թատրոնը կշարունակի, թե` ես ինչ անեմ, հողը հետ բերեցի, բայց «դասալիք, վախկոտ հայերը» չգնացին այնտեղ ապրելու: Իսկ անկլավները տալուց հետո կգա ադրբեջանցի փախստականների վերադարձի ժամանակը և այդ ժամանակ արդեն կսկսվի իրական աղետի վերջին փուլը»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։
Հարակից հրապարակումներ`
- «Ժողովուրդ». Տարբեր զեկույցներում Մամիկոն Ասլանյանի դեպքը հիշատակվում է որպես քաղաքական բանտարկություն
- «Հրապարակ». Տավուշյան ընդվզումը վախեցրել է իշխանական շատ պատգամավորների, ընդդիմությունն էլ էր ընդհատակ անցել
- «Ժողովուրդ». Պարզվում է՝ Հրանուշ Հակոբյանի «Արի տուն» ծրագրի անհաջող կրկնօրինակն է փորձ արվում գործի դնել
- «Հրապարակ». Փաշինյանը «կընդառաջի՞» Էրդողանի առաջարկին