Նոր սկանդալ հայ-ռուսական հարաբերություններում. Հայտարարության հեղինակն Ալեն Սիմոնյանն է
ՌԴ Դաշնային Խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն առաջարկել է Հայաստանի խորհրդարանին հարցում անել՝ Ռուսաստանի մասին Ալեն Սիմոնյանի ելույթի վերաբերյալ ունեցած դիրքորոշման մասին։
«Ռիա Նովոստի» գործակալության փոխանցմամբ, չորեքշաբթի օրը կայացած լիագումար նիստում Սիմոնյանի ելույթի թեման բարձրացրել է Դաշնության խորհրդի միջազգային կոմիտեի ղեկավար Գրիգորի Կարասինը, ով նշել է հայ խոսնակի հայտարարության ոչ բարեկամական երանգը։
«Ես գրավոր հարցում կուղարկեի, թե ում անունից է նա խոսել։ Ես կցանկանայի հարց տալ, թե ում անունից է նա հնչեցրել այդ հայտարարությունները, միանշանակ ոչ հայ ժողովրդից»,- ասել է Մատվիենկոն։
Հիշեցնենք, որ Հայաստանի ԱԺ նախագահի պաշտոնը զբաղեցնող Ալեն Սիմոնյանը, ելույթ ունենալով Եվրոպական միության անդամ պետությունների խորհրդարանների նախագահների համաժողովին, մասնավորապես ասել է.
«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ համաժողովի ուշադրության կենտրոնում Ուկրաինա Ռուսաստանի ներխուժման հարցն է եւ մերձավորարեւելյան հակամարտությունը` ուզում եմ վերահաստատել, որ Հայաստանը հաստատակամորեն պաշտպանում է Ուկրաինայի, ինչպես նաեւ Մոլդովայի, Վրաստանի, Կիպրոսի եւ բոլոր երկրների տարածքային ամբողջականությունը»։
Կարասինը, մեկնաբանելով Ալեն Սիմոնյանի ելույթը, նշել է, որ հայ օրենսդիրն անցել է բոլոր հնարավոր ու անհնար սահմանները.
«Ռուսաստանի «ներխուժման», ինչպես նաև «Ուկրաինայի տարածքային ամբողջականության վճռական պաշտպանության» մասին հայտարարությունները դիտարկում ենք որպես անմիջական համերաշխություն Կիևի նեոնացիստական ռեժիմին։ Ստացվում է՝ Սիմոնյանն արդեն կասկածի տակ է դնում մեր ինքնիշխանությունը, անտեսում է Դաշնության նոր սուբյեկտների բնակիչների՝ Հայրենիքի հետ վերամիավորվելու կամքը, որը հստակ արտահայտվել է հանրաքվեների ժամանակ»։
Լրահոս
Տեսանյութեր
Չենք կարողանում տարբեր դաշտերով պայքարել Արցախի մշակութային ժառանգության պահպանման համար. Ղարախանյան