Ռուբեն Վարդանյանի որդու ահազանգը. Այդ հեռախոսազրույցի ընթացքում հորս ասածներից մենք ավելի շատ ենք անհանգստացել
Բաքվի բանտում ապօրինի պահվող քաղբանտարկյալ Ռուբեն Վարդանյանի ավագ որդին՝ Դավիթ Վարդանյանը հարցազրույց է տվել CNN-ին: Նա պատասխանել է հայտնի մեկնաբան Քրիստան Ամանպուրի հարցերին, որոնք վերաբերել են Ռուբեն Վարդանյանի վիճակին, որը ապրիլի 5-ից հացադուլ է հայտարարել՝ պահանջելով անհապաղ ազատ արձակել իրեն և Բաքվում ապօրինաբար պահվող մյուս հայ բանտարկյալներին։ Ստորև թարգմանաբար ներկայացվում է Դավիթ Վարդանյանի հարցազրույցը.
Քրիստիան Ամանպուր - Դավիթ, շնորհակալություն մեզ հյուրընկալվելու համար…նախ, ե՞րբ եք վերջին անգամ որևէ լուր ստացել, ի՞նչ վիճակում է Ձեր հայրը, մասնավորապես՝ հացադուլ սկսելուց հետո։
Դավիթ Վարդանյան - Նախ, շնորհակալություն Քրիստիան այս հնարավորության համար, սա կարևոր է և՛ մեր՝ ընտանիքի, և՛ ընդհանրապես հայերի համար, որոնց բռնարարները տառապանքներ են պատճառել 109 տարի առաջ, ինչը, ցավոք, նորից տեղի է ունենում արդեն մեր օրերում՝ 21-րդ դարում: Այնպես որ, բարձր ենք գնահատում այս հարթակի տրամադրումը մեր ձայնը լսելի դարձնելու համար։
Հայրս՝ Ռուբեն Վարդանյանը ապօրինի ձերբակալվել է ավելի քան 200 օր առաջ։ Դրանից առաջ էլ 120 հազար այլ հայերի հետ գտնվում էր ավելի քան 9-ամսյա շրջափակման մեջ։ Ձերբակալությունից հետո անձամբ ես հորս հետ խոսել եմ մեկ անգամ՝ նոյեմբերին։ Բայց դրանից առաջ նա ամեն երեքշաբթի կարողանում էր զանգել, խոսել մորս հետ։
Ապրիլի 2-ից մենք նրա ձայնը չենք լսել, ու շատ մտահոգված ենք նրա վիճակով` հաշվի առնելով, որ հայրս հայտնի հայ բարերար է և ունի շատ հստակ դիրքորոշում Լեռնային Ղարաբաղի 120 հազար հայերի իրավունքների վերաբերյալ։ Մենք միայն անցած շաբաթվա վերջին ենք իմացել, որ նա ապրիլի 5-ից հացադուլի մեջ է։ Մենք կարծում ենք, որ հորս կապն արտաքին աշխարհի հետ կտրել են բողոքի իր ձայնը լռեցնելու համար, որի պատճառով էլ նա հացադուլ է սկսել։ Շաբաթ օրը հորաքույրս հեռախոսազրույց է ունեցել նրա հետ, ինչը անսովոր էր, քանի որ հանգստյան օրերին զանգ չէինք սպասում։ Այդ հեռախոսազրույցի ընթացքում հորս ասածներից մենք ավելի շատ ենք անհանգստացել․ նա հայտնել է որ իրեն տեղափոխել են լիակատար մեկուսացված խուց, ինչը նշանակում է, որ նրա պահման պայմաններն ավելի են վատացել հացադուլից հետո, երկրորդը՝ նա հայտնել է, որ առողջությանը հետևելու առումով միայն արյան ճնշումն են չափում՝ օրը մեկ անգամ։ Ու սա արդեն մոտ 20 օր հացադուլի մեջ գտնվող մարդու դեպքում, ինչը նշանակում է, որ չկա բժշկական որևէ հսկողություն։ Եվ հեռախոսազրույցի վերջում նա մի արտահայտություն է արել, որից մենք շատ ենք մտահոգվել․ նա ասել է, որ հիմա շատ ավելի լավ է հասկացել իր համահիմնադրած «Ավրորա» մրցանակի դափնեկիրներին, բոլոր նրանց, ովքեր ռիսկի տակ են դնում իրենց կյանքը՝ մյուսներին փրկելու համար, և հավելել է․ «Հիմա ես հասկանում եմ, որ արժեքներն ու սկզբունքներն ավելի կարևոր են, քան կյանքը»։
Քրիստիան Ամանպուր - Ձեզ դա մտահոգել է, որովհետև նա ձեզ փաստացի փոխանցել է, որ իր կյանքը վտանգվա՞ծ է։
Դավիթ Վարդանյան - Այո, և ճանաչելով հորս, որը մշտապես հանդես է եկել հայերի պաշտպանության դիրքերից, մշտապես համոզված է եղել, որ, Հայաստանն ու Ադրբեջանը լինելով հարևաններ, իհարկե պետք է համագոյակցեն, բայց միևնույն ժամանակ չի կարող լինել այնպես, որ կողմերից մեկը լինի բռնաճնշող, մյուսը՝ բռնաճնշվող, մենք կարծում ենք, որ օրերի ընթացքում փախստական դարձած հայերի իրավունքների համար պայքարը նրա համար դարձել է ավելի կարևոր, քան իր կյանքը, դարձել է մի բան, որի համար նա պատրաստ է մեռնել։
Քրիստիան Ամանպուր – Ձեզ, իհարկե, դժվար է խոսել այս մասին, հաշտվել այս ամենի հետ։ Ադրբեջանն ասում է, որ նա մեղադրվում է ֆինանսական ահաբեկչության, զինված խմբավորումներ ձևավորելու մեջ, մյուս կողմից հենց ինքն է պահանջում արագ ու թափանցիկ դատավարություն։ Մենք կապվել ենք Ադրբեջանի դեսպանատան հետ, բայց արձագանք չենք ստացել։ Ի՞նչ փուլում է դատավարությունը, ի՞նչ փուլ է հիմա, ի՞նչ փուլում է նա հացադուլ սկսել։
Դավիթ Վարդանյան - Քրիստիան, սա հենց այն հարցերից է, որը մեզ շատ է մտահոգում։ Այս ամբողջ գործընթացը զուրկ է թափանցիկությունից։ Նրան առաջադրված մեղադրանքները որևէ փաստի վրա հիմնված չեն, այդ լուրջ մեղադրանքների որևէ ապացույց գոյություն չունի։ Դրա փոխարեն, բոլորը գիտեն, որ նա ամբողջ կյանքում զբաղվել է բարեգործությամբ, իր գործընկերների հետ մեկուկես միլիարդ դոլար է ներդրել Հայաստանի զարգացման և ամբողջ աշխարհում մարդասիրական նախաձեռնություններում, և Արցախում նա ներդրումներ է արել ոչ միայն եկեղեցիների ու քրիստոնեական մշակութային կոթողների, այլև շիական մզկիթի վերականգնման մեջ, ինչը ցույց է տալիս նրա կյանքի փիլիսոփայությունը։
Նա համոզված է, որ խաղաղության հասնելու միակ ճանապարհը միմյանց մշակույթը, միմյանց պատմությունը հարգելն է։ Ինչ վերաբերում է նրա հետապնդման գործընթացին, ցավոք մենք տեղեկություն չունենք, թե այն որ փուլում է։ Ակնկալվում էր, որ դատը կլիներ հունվարին, բայց այն նորից հետաձգվել է, հիմա սպասվում է, որ այն կսկսվի մայիսին, սակայն հասկանում ենք, որ որևէ երաշխիք չկա, որ այդպես էլ լինելու է, քանի որ այն նորից կարող է միակողմանիորեն հետաձգվել։ Մեր ընտանիքի պահանջն այն է, որ բոլոր հայ բանտարկյալներին ազատ արձակեն, սակայն եթե ինչ-որ դատ էլ լինի, ապա դա պետք է լինի հնարավորինս շուտ, որովհետև մենք համոզված ենք, որ նա բացարձակապես կապ չունի իրեն առաջադրված մեղադրանքների հետ, և այդ դատին պետք է հետևեն միջազգային դիտորդներ։
Քրիստիան Ամանպուր - Կարո՞ղ եմ մի հարց տալ՝ հաշվի առնելով Ձեր հոր բարդ անցյալը։ Եկեք այս ամենը դիտարկենք ընդհանուր կոնտեքստի մեջ։ Ադրբեջանի մեջքին Թուրքիան է, Հայաստանի մեջքին՝ Ռուսաստանը, Ադրբեջանը հսկողություն սահմանեց Լեռնային Ղարաբաղի նկատմամբ առանց Ռուսաստանի որևէ առարկության։ Ձեր հայրը կապեր ունեցե՞լ է Ռուսաստանի ղեկավարության հետ, չնայած 2022-ին Ռուսաստանի քաղաքացիությունից հրաժարվելուն։ Այս ամենը բարդ կապերի հանգույց է։ Հարցս հետևյալն է․ այս հանգամանքները, կամ դրանցից որևէ մեկը կարո՞ղ է կապ ունենալ Ձեր հոր հետապնդման հետ, գուցե ինչ-որ մարդիկ Ձեր հոր հետ քաղաքական այլ խնդիրնե՞ր ունեն․
Դավիթ Վարդանյան - Գիտեք, մինչև 2020-ի պատերազմը հայրս մշտապես հեռու էր մնում քաղաքականությունից, նա նախ գործարար էր, հետո՝ բարերար, ով, ինչպես նշեցի, իր գործընկերների հետ հիմնել էր միջազգային մրցանակներ, ինչպիսին «Ավրորա» միջազգային մարդասիրական նախաձեռնությունն է, UWC ցանցի միջազգային դպրոց Հայաստանում, և քաղաքական զարգացումներին մասնակցելու հետաքրքրություն երբևէ չուներ։ Սակայն հորս համար կարմիր գիծ էր 120 հազար հայերի տառապանքը: 2020-ի պատերազմից հետո ամբողջ աշխարհն այդ մարդկանց փաստացի մենակ էր թողել։ Եվ հայրս տեսնելով այդ սարսափելի իրավիճակը՝ որոշեց վտանգել ամեն ինչ, այդ թվում՝ իր ու իր ընտանիքի անվտանգությունը և մեկնել Արցախ։ 2022-ի օգոստոսին, երբ հանդիպեցինք, հասկացա, որ դա ամբողջությամբ զգացմունքային, ամբողջությամբ արժեքային շարժառիթներով պայմանավորված որոշում էր։
Քրիստիան Ամանպուր - Մի դիտարկում հեռուստադիտողների համար, ես ասում եմ Լեռնային Ղարաբաղ, Դուք օգտագործում եք տեղական անվանումը։ Սա մարդկանց հասկանալի լինելու համար եմ նշում։ Ուզում եմ հարցնել ԱՄՆ-ի մասին։ Անցած ամիս Վաշինգտոն Պոստում Դեյվիդ Իգնեշիուսը կարծիք է հայտնել, որ ԱՄՆ-ն կենտրոնանում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ համաձայնագրի վրա և նշում է, որ Բայդենի վարչակազմը նախորդ վարչակազմերի պես հայտնվել է Հայկական հարցի նկատմամբ համակրանքի ու ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի և Իրանի դեմ օգտակար գործընկեր Ադրբեջանի հետ կապերի արանքում․ չե՞ք կարծում, որ Ձեր անձնական ու ընտանեկան խնդիրը հայտնվել է այս, այսպես ասած, ռեալպոլիտիկի հորձանուտում։
Դավիթ Վարդանյան - Ցավոք շատ բարդ աշխարհում ենք ապրում, և խոսքը միայն Հարավային Կովկասի մասին չէ․ կարծես ամեն շաբաթ մի նոր ճգնաժամի ենք բախվում։ Ես հասկանում եմ, որ առաջին պլան է գալիս աշխարհաքաղաքականությունը, սակայն նաև հույս ունեմ, որ չնայած այսօրվա բոլոր դժվարություններին, մենք չենք հրաժարվի արժեքներից, մարդու իրավունքները, հիմնարար սկզբունքները պաշտպանելու մեր ձգտումից։ Սա վերաբերում է նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող բանակցություններին։ Համոզված եմ, որ ոչ միայն իմ հոր, այլև մյուս յոթ քաղբանտարկյալների և Բաքվում պահվող բազմաթիվ այլ գերիների հարցը ոչ թե քաղաքականության, այլ մարդկային պարկեշտության և արժանապատվության հարց է։
Քրիստիան Ամանպուր - Դավիթ, շնորհակալ եմ, ի դեպ, վաղը Հայոց Ցեղասպանության 109-րդ տարելիցն է։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան