«Ժողովուրդ». Ինչ ցանել են, այն էլ հնձում են
«Ժողովուրդ» թերթը գրում է.
««Ինչ ցանել ես, այն էլ կհնձես»… ժողովրդական այս ասացվածքն այսօր, ավելի քան երբևէ, արդիական է, հատկապես՝ ՔՊ-ի դեպքում: Երեկ Ծիծեռնակաբերդում վարչապետի տիկնոջը՝ Աննա Հակոբյանին, և նրանց կրտսեր դստերը տհաճ դիմավորելն ու ընդունելությունը իրարանցում էր առաջացրել իշխող թիմում: Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ՝ գրեթե բոլոր ՔՊ-ականները շտապեցին իրենց սոցիալական էջերում աջակցել, իսկ որոշ պատգամավորներ՝ քծնել Աննա Հակոբյանին ու դատապարտել տեղի ունեցած միջադեպը՝ որակելով այն անարգանք:
Մանկահասակ երեխայի ներկայությամբ ցանկացած նման արարք, անխոս, դատապարտելի է. բայց, թերևս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը և նրանց միտը բերել, որ երեկվա դեպքը իրենց՝ դեռևս 2018թ.-ին ցանած «սերմերի» ծիլերն են:
Թերևս փաստ է, որ մարդկանց ընտանիքներ թիրախավորելու արատավոր բարքը հասարակական դաշտ բերել են «թավշյահեղափոխականները»՝ Փաշինյանի գլխավորությամբ. երբ դագաղներով և ծաղկեպսակներով գնում էին մարդկանց տներ, կամ անվանական սև ժապավեններ էին կապում նրանց բնակարանների մոտ:
Հիշենք ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովի դստեր՝ Նարե Շարմազանովայի դիմում-նամակը, որտեղ նա վրդովված դիմել էր թավշյահեղափոխականներին, և խնդրել էր դադարեցնել իր հոր նկատմամբ անվայելուչ պահվածքն ու վիրավորական արտահայտությունները:
Բացի այս դեպքից, ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանին նույն թավշյահեղափոխականները թիրախավորեցին, երբ վերջինս իր թոռան հետ զբոսնում էր Ազատության հրապարակում:
Ի վերջո, չմոռանանք նաև, որ ինչպես Ծիծեռնակաբերդը, այնպես էլ Եռաբլուրը հենց ՔՊ-ականներն ու նրանց աջակիցներն են բազմիցս վերածել քաղաքական հարթակի, երբ, իրենց ղեկավարին, սրբություն համարվող այս վայրերում, դիմավորում էին «Նիկոլ վարչապետ» վանկարկումներով և ծափահարություններով: Այս ամենից հետո ՔՊ-ականները, թերևս, երեկվա դեպքից դժգոհելու տեղ չունեն. ինչ ցանել են, այն էլ հնձում են»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում: