«Ժողովուրդ». Քաղաքացիները դատի են տալիս պարեկային ծառայության պետ Արթուր Խուդինյանին անձամբ, և հաղթում են դատարանում
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Այն, որ պարեկային ծառայության կողմից տուգանված քաղաքացիները դիմում են դատարան ու անհիմն տուգանքների համար արդարություն պահանջում, գաղտնիք չէ, և հաղթանակները բավականին հաճախ են կրկնվում. իսկ դատարան ներկայացված հարցերին թիվ ու սահման չկա: Այս իրավիճակին զուգահեռ, սակայն, ստեղծվել է նաև այն պատկերը, որ քաղաքացիները դատի են տալիս ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության պետ, ոստիկանության պետի տեղակալ Արթուր Խուդինյանին անձամբ, և հաղթում են դատարանում:
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ 2023 թվականի նոյեմբերի 23-ին ՀՀ վարչական դատարան է դիմել Մուսայել Անանյանը՝ ընդդեմ ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության պետ, ոստիկանության պետի տեղակալ Արթուր Խուդինյանի:
Անանյանը դատարանում հայտնել է, որ ինքը տրանսպորտային միջոցը վարելիս ամրակապված էր անվտանգության ամրագոտիով և համաձայն չի եղել իրեն արձանագրված իրավախախտման փաստին, իսկ պարեկային ծառայության տեսուչը իրավախախտման փաստը հավաստող որևէ ապացույց չէր ներկայացրել իրեն և մի բան էլ նշանակել էր տուգանք՝ 10.000 ՀՀ դրամի չափով:
Արդյունքում՝ դատավորը 2024 թվականի ապրիլի 16-ին վճռել է Մուսայել Անանյանի հայցը բավարարել՝ անվավեր ճանաչելով ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության 27.07.2023 թվականի վարչական իրավախախտման գործով որոշումները: ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայությունից հօգուտ Մուսայել Միքայելի Անանյանի բռնագանձվել է 4.000 ՀՀ դրամ՝ որպես նախապես վճարված պետական տուրքի գումար:
Հավելենք, որ պարեկային ծառայությունը վերածվել է նախկին «գայիշնիկների» ինստիտուտի, երբ մարդկանց համատարած բռնում և տուգանում են՝ կարծես պլան կատարելիս լինեն. բայց այդ վիճակագրությանը կանդրադառնանք հաջորդիվ»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։