«Հրապարակ». «Քարֆուր» ցանցի ֆրանսիացի տերերը որոշել են հեռանալ Հայաստանից. Ով է գնորդը
«Հրապարակ» թերթը գրում է.
«Ժամանակին Նիկոլ Փաշինյանի «Հայկական ժամանակը» և տնտեսական թեմաներով լրագրող Հայկ Գևորգյանը, ով հետագայում ՔՊ-ական պատգամավոր դարձավ, իսկ հիմա գյուղատնտեսական աշխատանքներով է զբաղվում, սիրելի թեմաներ ունեին: Մեկն աշխարհի շատ երկրներում հաջողած ֆրանսիական «Քարֆուր» հիպերմարկետների ցանցի` Հայաստան մտնելու թեման էր: Գրում էին, որ «Քարֆուրի» մտնելը տնտեսական հեղափոխություն է լինելու, մյուս ցանցերն այդ մրցակցությանը չեն դիմանալու, որ այն նոր կուլտուրա կբերի իր հետ, և իշխանություններին ամենօրյա ռեժիմով ձաղկում էին, թե ինչու է ուշանում «Քարֆուրի» մուտքը: «Քարֆուրը» եկավ` հեղափոխություն չեղավ, իսկ օրերս էլ տեղեկացանք, որ ցանցի ֆրանսիացի տերերը որոշել են հեռանալ Հայաստանից: Ցանցի ֆրանչայզինգը մնում է, բայց ֆրանսիացի սեփականատերերն այն վաճառել են հայերի և հեռանում են Հայաստանից:
Մեզ ասացին, որ գնորդը նախկին ՀՀԿ-ական պատգամավոր, «Կիլիկիա» գարեջրի գործարանի սեփականատեր Հակոբ Հակոբյանն է: Սակայն վերջինս հերքեց` ինքը չէ գնորդը, այլ իր գործընկերոջ փեսայի եղբայրը՝ մոսկվաբնակ մի հայ գործարար: Հակոբյանը հրաժարվեց հայտնել այդ գործընկերոջ կամ նրա փեսայի անունը՝ ասելով, թե չգիտի. «Չեմ ճանաչում, չգիտեմ անունը: Ես լսել եմ, չգիտեմ` ճիշտ է, թե սուտ»»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։