Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն
ՀՀ քրեական օրենսգրքի 418-րդ և 421-րդ հոդվածներով հանցագործության մասին հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն` Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով՝ Տավուշում ՀՀ ինքնիշխան տարածքները և բնակավայրերը Ադրբեջանին հանձնելու գործընթաց սկսելու կապակցությամբ։ Հաղորդումը կազմել են փաստաբան Արա Զոհրաբյանը և պահեստազորի գնդապետ Հայկ Նահապետյանը։
ՀՀ քրեական օրենսգրքի 418-րդ հոդվածի համաձայն․
1. Պետական դավաճանությունը՝ թշնամու կողմն անցնելը, լրտեսությունը, օտարերկրյա պետությանը, օտարերկրյա կամ միջազգային կազմակերպությանը կամ դրա ներկայացուցչին պետական գաղտնիք պարունակող տեղեկություն հանձնելը կամ այդ տեղեկությանը նշված անձանց ծանոթանալու համար պայման ստեղծելը կամ թշնամական գործունեություն իրականացնելու համար այլ օգնություն ցույց տալը, որը կատարել է Հայաստանի Հանրապետության քաղաքացին՝ ի վնաս Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, տարածքային անձեռնմխելիության կամ արտաքին անվտանգության՝ պատժվում է ազատազրկմամբ՝ տասնհինգից քսան տարի ժամկետով, կամ ցմահ ազատազրկմամբ:
ՀՀ քրեական օրենսգրքի 421-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն․
1. Տարածքային ամբողջականությունը խախտելուն` բռնություն գործադրելու կամ բռնություն գործադրելու սպառնալիքի միջոցով Հայաստանի Հանրապետության տարածքի մասն առանձնացնելուն կամ Հայաստանի Հանրապետության տարածքը կամ դրա մասն այլ պետությանը հանձնելուն ուղղված գործողություններ կատարելը`
պատժվում է ազատազրկմամբ` տասից տասնհինգ տարի ժամկետով:
Հաղորդմամբ պահանջվում է՝ «հանձնարարել նախաձեռնել քրեական վարույթ, ձեռնամուխ լինել նախաքննության իրականացմանը և լուծել Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու հարցը»:
Փաստաբան Արա Զոհրաբյանն ասաց. «Լավատես չենք, որ դատախազությունը փորձելու է արագ ընթացք տալ այս հաղորդմանը, բայց հիշելու ու պահանջելու ենք, հետևելու ենք դատախազության բարձրաստիճան պաշտոնյաների, մյուս պաշտոնատար անձանց վարքագծին, ովքեր կդրսևորեն հանցավոր անտարբերություն»։
Նա հիշեցրեց, որ ՀՀ Սահմանադրության համաձայն, տարածքային փոփոխության հարցերը լուծվում են միայն հանրաքվեով։
«Փաշինյանը հրապարակելով 29 հազար 800 քկմ թիվ, փորձում է ասել, որ այդ տարածքները, որոնք պետք է հանձնվեն Ադրբեջանին, Հայաստանի տարածքներ չեն։ Խորամանկ հնարքով փորձում է մանիպուլացնել մեզ։ Նաև ասում է՝ եթե չանենք, կհարձակվեն։ Այն, որ Ադրբեջանը հաձակվելու է, կասկած չունեմ։ Ինչ էլ անենք, հարձակվելու է, որովհետև Ադրբեջանը տեսնելով, որ այս իշխանությունը, որն, իրոք, ամբողջությամբ անում է այն քայլերը, ինչ թշնամի պետությանն է անհրաժեշտ, ուրիշ տարբերակ չի մնում։ Ինչ խլեց, խլելու է համոզելով, ինչը չխլեց համոզելով, խփելու ու խլելու է։ Այդ ընթացքում էլ մեր ինքնության, ինքնապաշտպանության բնազդը բթացված վիճակում է»,- ասաց Զոհրաբյանը։
Հայկ Նահապետյանն ասաց, որ այսօր կատարավող ապօրինությունների դեմը, իհարկե, պետք է առնել նաև իրավական գործընթացներով. «Այս գործիքը կարող է եթե ոչ այսօր, ապա վաղը ծառայել իր նպատակին»։
Հարակից հրապարակումներ`
- Իշխանությունը քաղաքական շահերով ղեկավարվելով է սահմանազատման գործընթացը ներկայացնում խաղաղության համատեքստում. Թաթոյան
- ՀՀ իշխանություններն, առանց սահմանազատման, միանգամից սահմանագծում են իրականացնում․ Օհանյան
- Արդյո՞ք սա սահմանազատում է, թե՞ ճնշման տակ ինչ-որ բան տալ. Սերժ Սարգսյան
- Այդ գործողություններն իրականացվում են Տավուշում ստեղծված ինքնաբուխ շարժումը թուլացնելու նպատակով. Հայտարարություն
- Սահմանազատման սյուն չի լինում, այդ սյունը կարող են կոխել մի լավ տեղ. Հրանտ Բագրատյան
- Ադրբեջանական զորքն առանց մեկ կրակոցի արդեն տեղավորվում է տասնամյակներով կառուցված և անառիկ պահված Տավուշի մեր դիրքերում. Վրթանեսյան
- Փաշինյան. Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը
- Սահմանազատումը սկսում են Տավուշից, քանի որ դա Ադրբեջանի համար է կարևոր․ Փորձագետ
- Նոյեմբերյանի համայնքապետեր. Մեզ համար ընդունելի չէ նման ձևաչափով սահմանազատման իրականացումը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան